1 December 2022Armenia

Բնակարանային ճգնաժամը Հայաստանում

Ապրել ու աշխատել՝ տան վարձը մի կերպ տալու համար

by Samson Martirosyan
 


Հայերեն   English   Русский


Երևանի գլխավոր հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, բողոքի ակցիաներ կարելի է տեսնել գրեթե ամեն օր։ Տարբեր պաստառներով զինված մարդիկ գալիս են այստեղ իրենց ձայնը լսելի դարձնելու համար, գալիս են սոցիալական, տնտեսական և քաղաքական պահանջներով, այստեղ ամեն մեկը փորձում է պատմել իր կյանքի պատմությունը։

Այս հատվածը միշտ եղել է յուրօրինակ «ուխտատեղ», որտեղ հանրային պահանջը, կարծես, դառնում է շոշափելի։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո այս ուխտատեղի այցելուների թիվը կտրուկ ավելացել է։

Չնայած հուլիսյան սաստիկ տապին՝ այստեղ էին հավաքվել Արցախի Հադրութի շրջանից տեղահանվածները։ Առաջին անգամ չէ, որ այստեղ են՝ պատերազմի ավարտից և Հադրութի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացրել և՛ Կառավարության շենքի դիմաց, և՛ այլ պետական կառույցների ու ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ Այս ակցիաներն արդեն դարձել են տեղահանվածների կյանքի մի մասը։

Ակցիայի ժամանակ զգացվում է համայնքային ոգին՝ բոլորը ծանոթ են, կիսում են նույն հոգսերը, շատերի կյանքը նման է, նրանց արդեն միավորում է ոչ միայն Հադրութից լինելը, այլև նոր կարգավիճակը՝ բռնի տեղահանված, որի հետ շատերը չեն կարող հաշտվել, հաշտվողներն էլ չեն կորցնում ապագայում այս կարգավիճակը փոխելու հույսերը։

Մինչ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը ելույթ է ունենում, որը իր բովանդակությամբ նման է աշխարհաքաղաքական վերլուծության, կանայք զրուցում են առօրյա հոգսերից։ Ծանոթանում եմ Էսմիրա Մադունցի հետ։

Էսմիրան նույնպես Հադրութից է, ասում է, որ 2020-ի հոկտեմբերի 8-ից նա և իր ամբողջ ընտանիքը լքել են Հադրութը և եկել Հայաստան։ Այժմ վարձով են ապրում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Տիկին Մադունցն դստեր ընտանիքի հետ ապրում է մեկսենյականոց բնակարանում՝ հինգ հոգով։

«Մենք պահանջում ենք, որ Հադրութը վերադարձնեն Արցախի կազմ, և մենք կարողանանք հետ գնալ։ Չի՞ ստացվում, որ Հադրութը տան, թող այստեղ մեզ համար շենք սարքեն, տուն տան, փախստականների համար համայնք կառուցեն»,- ասում է տիկին Մադունցը։

Նրա խոսքով՝ իրենց տանտերը որոշել է տան վարձը թանկացնել՝ 60 հազար դրամի փոխարեն հիմա պահանջում է 90 հազար դրամ, իրենք էլ ստիպված համաձայնել են, քանի որ չեն կարող նոր տուն գտնել, ընտանիքի ֆինանսական վիճակը գնալով բարդանում է, իսկ գները համատարած բարձրանում են։

Բողոքի ակցիայի հիմնական ուղերձը վերաբերում էր օրեցօր խորացող բնակարանային ճգնաժամին։ Կառավարության ջանքերը (ամսական 40 հազար դրամ աջակցություն) բավարար չէին արցախցիների սոցիալական և ֆինանսական խնդիրները թեթևացնելու համար։ Տասնյակ տեղահանված, ֆինանսապես խոցելի ընտանիքներ կանգնած էին դրսում մնալու վտանգի առջև։ Հուլիսից մինչև հիմա նրանց դրությունը ոչ միայն չի թեթևացել, այլև հակառակը՝ ավելի է բարդացել։

Հայաստանում բնակարանային ճգնաժամը թափ առավ փետրվարի 24-ից անմիջապես հետո, երբ Ռուսաստանի բռնապետ Պուտինը որոշեց Ուկրաինայի վրա լայնածավալ հարձակում սկսել։

Հազարավոր ռուսաստանցիներ շտապեցին լքել Ռուսաստանը և եկան Հարավային Կովկասի երկրներ։ Մի մասը փախչում էր քաղաքական հետապնդումներից, մյուսը՝ տնտեսական պատժամիջոցներից։ Քանի որ Հայաստանը անդամակցում է ԵԱՏՄ-ին, այստեղ անդամ երկրների քաղաքացիների համար հեշտացված ընթացակարգեր կան թե՛ կացության, թե՛ աշխատանքի իրավունք ունենալու առումով։ Այս և այլ պատճառներով ռուսաստանցի միգրանտները որոշեցին հենց Հայաստան գալ։ Փետրվար-մարտ ամիսները այժմ համարվում են միգրանտների հոսքի առաջին ալիքի ժամանակահատված։

Իհարկե, ռուսաստանցիներին Հայաստանում գրկաբաց ընդունեցին։ Այստեղ նորաթուխ միգրանտները չունեին լեզվական խնդիրներ, չկար նրանց հանդեպ խտրական վերաբերմունք, փողոցներում նրանք չէին հանդիպի տուն գնալու կոչեր։ Սակայն վարձատուները և բրոքերները, ցանկանալով օգտվել ստեղծված իրավիճակից, Հայաստանում և, մասնավորապես, Երևանում կտրուկ բարձրացրեցին տան վարձի գները։ Եվ եթե միգրանտների համար այս գները համեմատելի էին ռուսաստանյան գներին և սկզբնական ժամանակահատվածում դեռ քիչ թե շատ ընդունելի, հայաստանցիների համար նման կտրուկ գնաճը և՛ ցավոտ էր, և՛ անարդար։

«Մեր տանտերն ամուսնուս կանչեց, ասեց, որ մինչև ամսի մեկը ազատենք տունը, որովհետև ինքը որոշել ա տունը վարձով տա նոր եկած ռուսների, կամ էլ պիտի իրա ասած նոր վարձը մուծենք»,- դեռ փետրվարին ինձ հետ զրույցում պատմել էր մասնագիտությամբ մանկավարժ Նարինե Ավետիսյանը, որն ամուսնու և փոքր երեխայի հետ վարձով բնակվում էր Երևանի Էրեբունի թաղամասում։

Տանտերը որոշել էր վարձը բարձրացնել, թեև տունը վարձակալելիս պայմանավորվել էին, որ երկարաժամկետ են մնալու։ Նարինեն ու իր ամուսինը մարզից են, աշխատում և բնակվում էին Երևանում, հնարավորություն չունեին ո՛չ ավելի շատ վճարելու, ո՛չ էլ Երևանում այլ տեղ բնակվելու, նոր բնակարան էլ չէին կարող գտնել բարձր գների պատճառով։

Նարինեի ընտանիքը նման իրավիճակում հայտնված հազարավոր ընտանիքներից մեկն է։ Երբ հայաստանցիներին բնակարաններից հանելու ու դրանք ավելի թանկ ռուս միգրանտներին հանձնելու ալիքը նոր էր սկսվել, ես առնվազն մեկ տասնյակ ընտանիքների հետ եմ զրուցել, որոնք կիսվում էին շատ նման պատմություններով։

Բնակարանային խնդրին բախվել էր հանրության շատ լայն շրջանակ՝ ուսանողներ, մարզերից Երևան եկած աշխատավորներ, Էսմիրայի նման տեղահանված արցախցիներ և տարբեր իրավիճակներում հայտնված հայաստանցիներ։

Իմ ընկերների և ծանոթների մեծ մասը ինձ պես վարձով է ապրում, ես նույնպես մտավախություն ունեի, որ իմ տան վարձն էլ կբարձրացնեն, և ես ստիպված կլինեմ վերադառնալ Գյումրի։ Ու թեևիմ վարձատուները մարդկային վերաբերմունք են ցույց տվել և չեն թանկացրել տան վարձը, միևնույն է՝ այդ մտավախությունը դեռ կա։

Ընդհանրապես, բնակարանային խնդիրը ինձ միշտ շատ է հետաքրքրել։ Դեռ 2019-ին ես փոքրիկ լրագրողական հետազոտություն էի արել և փորձել էի պարզել վարձով ապրելու գինը Երևանում։ Քանի որ անշարժ գույքի վարձակալության շուկան գրեթե չի վերահսկվում, այս հարցը շարունակում է արդիական մնալ։ Նույնիսկ առանց այս հետազոտության արդյունքում պարզած և ներկայում գործող գները համեմատելու, ակնհայտ է, որ շատ կարճ ժամանակահատվածում գները եռապատկվել ու նույնիսկ քառապատկվել են։

Սոցիալական ցանցերում օգտատերերը համեմատում էին գները և զարմանում, որ Երևանը այս առումով ոչնչով չի զիջում ո՛չ Նյու Յորքին, ո՛չ Բեռլինին կամ Փարիզին։ «Թավշյա» հեղափոխությունից հետո բնակարանային շուկայում նույնպես գնաճ եղավ, բայց այդ ժամանակ ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ինչ ծավալի գլոբալ և տեղական խնդիրների ենք բախվելու ընդամենը մեկ տարի անց։

Կառավարությունը պասիվ դերում է և, ըստ երևույթին, որևէ կերպ չի ցանկանում միջամտել ազատ շուկայական հարաբերություններին։ Վարձակալները խոցելի են, քանի որ չեն կարող ակնկալել, որ որևէ պետական կառույց կպաշտպանի իրենց իրավունքները, գործնականում սա գրեթե անհնար է պատկերացնել։

Վարձատուների ճնշող մեծամասնությունը պայմանագիր չի կնքում վարձակալների հետ, քանի որ պայմանագիր կնքելու դեպքում նրանք ոչ միայն չեն կարողանա ցանկացած պահի փոփոխել պայմանները, նոր գին սահմանել և դուրս շպրտել վարձակալներին, այլև ստիպված են լինելու հարկ վճարել։

Վարձակալներն իրենց իրավունքները կկարողանան լիովին պաշտպանել, եթե վարձատուի ու վարձակալի միջև պայմանագիր կնքվի, վավերացվի նոտարի կողմից և գրանցվի կադաստրում։ Այս դեպքում էլ բնակարանի տերը պետք է 10% հարկ վճարի։ Սա կարգավորվում է Հայաստանի քաղաքացիական օրենսգրքով։

Սովորաբար, որպես լիարժեք պայմանագիր է ներկայացվում բրոքերի կազմած «ինքնահնար» պայմանագիրը, որը ստորագրում են երկու կողմերը։ Սակայն ստորագրելուց հետո այն չի վավերացվում և չի գրանցվում կադաստրում, և, ինչպես կարելի է դատել հազարավոր դեպքերից, այն չի պաշտպանի, եթե տանտերը որոշի գին բարձրացնել կամ տունը վարձով մեկ ուրիշի տալ։

Որոշ եվրոպական երկրներում վարձակալների իրավունքները պաշտպանված են օրենքով, ու շուկան վերահսկելու և քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար տարբեր մեխանիզմներ են գործում։ Սա, իհարկե, հնարավոր է դարձել իրենց բնակարանային իրավունքների համար քաղաքացիական խմբերի տևական պայքարի շնորհիվ։

Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստանում այս մեխանիզմերը դեռ բացակայում են, չենք էլ կարող պնդել, որ օրենսդիրները մտադրություն ունեն մոտ ապագայում դրանք մշակելու, թեև խնդիրը ակնհայտ սուր է։ Չկա նաև պայքար, որքան էլ անհատները բողոքեն, բնակարանային ճգնաժամը, ցավոք, չի բերել քաղաքացիական պայքարի ձևավորմանը։ Հաշվի առնելով հայաստանցիների առջև ծառացած այլ՝ ավելի մեծ աշխարհաքաղաքական և անվտանգային խնդիրները, սա միգուցե օրինաչափ է։

Ստացվում է, որ անհատը մնում է մենակ մի կողմից մաքսիմալ շահ հետապնդող տանտերերի, իսկ մյուս կողմից՝ ավելի մեծ գործընթացների, մեր դեպքում՝ պատերազմների հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակների առջև։

Կազմակերպված քաղաքացիական պայքարի բացակայության պայմաններում մարդիկ փորձում են լուծումներ գտնել։

Օրինակ՝ գրեթե 60 հազար անդամ ունեցող ֆեյսբուքյան «Վարձով բնակարաններ» խմբի ադմին Աշոտ Հայրապետյանը դեռ մարտ ամսին ինձ ասել էր, որ փորձելու է լուծումներ գտնել։ Նա վերանայել է խմբի կանոնները և արգելել է խմբում 200 հազար դրամը գերազանցող բնակարանների հայտարարությունների տեղադրումը։ Միևնույն ժամանակ մինչև 160 հազար դրամ արժեքով հայտարարությունները անվճար են, իսկ 160-200 հազար դրամ արժեքով հայտարարությունները հաստատվում են, եթե վարձատուները որևէ հայանպաստ գործի համար նվիրաբերեն 20 հազար դրամ, և կտրոնն ուղարկեն Աշոտին։ Ըստ խմբի կանոնների՝ բրոքերների համար խմբում հայտարարություն տեղադրելը թույլատրվում է միայն ամսական 50 հազար դրամ որևէ հայանպաստ գործի համար վճարի դիմաց։

Խմբում հայտարարությունների ճնշող մեծամասնությունը անում են խելամիտ գներով բնակարան փնտրող օգտատերերը, բայց խումբն ակտիվ է, մարդիկ իսկապես կարողացել են ընդունելի գնով բնակարան գտնել։ Աշոտի կարծիքով՝ նման կանոնները կարող են ժամանակավոր լուծում լինել, մինչև վարձակալության շուկան կկարգավորվի։

Չնայած նախնական կանխատեսումներին, որ նման իրավիճակը չի կարող երկար տևել, վարձով տան գները ոչ միայն չընկան, այլ նաև շարունակեցին կտրուկ աճել։

Երբ Ռուսաստանում սեպտեմբերին հայտարարվեց մասնակի զորահավաք, սկսվեց դեպի Հայաստան եկող ռուսաստանցիների երկրորդ ալիքը։ Այս անգամ նոր միգրանտների մեջ էին ոչ միայն ազգությամբ ռուսներ, այլ նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայեր։ Արդյունքում հիմա Երևանում վարձով հանձնում են նույնիսկ բնակարանի վերածած ավտոտնակներն ու նկուղները, իսկ Հայաստանի մարզային խոշոր քաղաքներում, օրինակ՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Դիլիջանում, նույն գներն են, ինչ Երևանում փետրվար ամսին։

Ուրբան խնդիրներին նվիրված urbanista հարթակում հրապարակված «Որքանո՞վ է բնակարանային տնտեսությունը մատչելի Հայաստանում» խորագրով հետազոտության հեղինակ ճարտարապետ-ուրբանիստ Հեղինե Փիլոսյանը սահմանում է, թե որ դեպքում է հնարավոր բնակարանը համարել մատչելի։

Այսպես, նա գրում է. «Մատչելի բնակարանների ընդհանուր ընդունված բանաձևը ենթադրում է, որ կացարանի վարձակալմանը կամ ձեռքբերմանն ուղղված ծախսերը պետք է կազմեն տնային տնտեսության ամսական տնօրինվող եկամտի 30-35%-ից ոչ ավելին։ Ընդ որում, վարձակալության ծախսերը ներառում են նաև կոմունալ ծառայությունները…»։

Մասնագետի պնդմամբ՝ նույնիսկ այս մեթոդը անթերի չէ, քանի որ այն «հաշվի չի առնում տնային տնտեսությունների չափը և մեկ շնչին ընկնող ծախսերը»։ Կարևոր է հասկանալ, որ «ամենացածր եկամտային խմբում տնային տնտեսությունների համար մնացյալ 70%-ը կարող է այնուամենայնիվ բավարար չլինել իրենց ոչ բնակարանային կարիքները հոգալու համար (սա այն պարագայում, եթե իրենց հաջողվի գտնել ընդունելի կացարան իրենց եկամտի 30%-ի սահմաններում)»։

Իսկապես, Արցախից տեղահանվածների օրինակով տեսնում ենք, որ այս պնդումը շատ արդիական է՝ ցածր եկամուտ ունեցող խմբերը ներկայումս ոչ միայն չեն կարող գտնել կացարան իրենց եկամտի 30%-ի սահմաններում (մարզային ծայրամասեր տեղափոխված արցախցիները, որպես կանոն, չունեն նույնիսկ միջին համարվող եկամուտ), այլ նաև տան վարձը տալուց հետո դժվարանում են գումար հայթայթել մնացյալ ծախսերը հոգալու համար։ Սրանից դրդված՝ նրանք կազմակերպում են բողոքի ակցիաներ և կառավարությունից պահանջում են բնակարանային ճգնաժամին լուծում գտնել։

Վերը նշված հետազոտության համաձայն՝ «Հայաստանում ներկայումս շահագործվող բնակարանային ֆոնդի մեծ մասը խորհրդային ժամանակների բազմաբնակարան շենքերն են։ Դրա մոտ մեկ երրորդը կառուցվել է 1951-1970 թվականների միջև, ևս 46%-ը կառուցվել է հաջորդ երկու տասնամյակներում՝ 1970-1990 թվականներին, իսկ անկախանալուն հաջորդած երեք տասնամյակում ավելացել է ընդամենը 16%-ը։ Բնակարանային ֆոնդի մի մասը մեծ վնաս է կրել 1988-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ»։

Փաստորեն ստացվում է, որ մեծ ճեղքվածք կա բնակարանի գնի և որակի միջև՝ ըստ երևույթին, վարձակալները վճարած բարձր գնի դիմաց սովորաբար չեն ստանում համապատասխան որակ ունեցող բնակարան։

Վերջերս Հայաստանի միգրացիոն ծառայությունը հրապարակել էր այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների սահմանահատումների քանակը: Հրապարակված տվյալները ցույց են տալիս, թե որքան օտարերկրացի քաղաքացի է մուտք գործել Հայաստան, որքանն է լքել Հայաստանը, և որքան է կազմում այս թվերի տարբերությունը։

Թվերը հետաքրքիր պատկեր են ցույց տալիս։ Չնայած լայն տարածված կարծիքի, թե Հայաստանում ռուսաստանցի միգրանտների թիվը բավականին մեծ է, քանի որ ռուսաստանցիների կարելի է հանդիպել ամենուր, պարզվում է, որ Հայաստանում մշտապես հաստատվածների թիվը այնքան էլ մեծ չէ։

Այսպես, հրապարակման համաձայն՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստան է մուտք գործել 786.684 Ռուսաստանի քաղաքացի, իսկ 744.508-ը լքել են։ Սա նշանակում է, որ 42.176 Ռուսաստանի քաղաքացի է մնացել Հայաստանում։

Իհարկե, դեռ վերջին եռամսյակի տվյալները չեն հրապարակվել, բայց կարող ենք հաշվի առնել նաև այն, որ այս ընդհանուր թիվը ներառում է զբոսաշրջիկներին, հնարավոր է՝ ⅓-րդը կամ ⅔-րդը հենց զբոսաշրջիկներ լինեն, և սրա որոշ մասն են կազմում նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող էթնիկ հայերը։ Թվերը ցույց են տալիս, որ ոչ այնքան շատ ռուսաստանցի է որոշում բնակություն հաստատել, որքան թվում էր։

Երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, և ռուսաստանցիները սկսեցին գալ Հայաստան, շատերը սա ներկայացրին որպես Հայաստանի տնտեսությունը զարգացնելու և մարդկային կապիտալի շնորհիվ պետությունը զորեղացնելու լավ հնարավորություն։ Բայց տեսնում ենք, որ ռուսաստանցիներից շատերը Հայաստանը իրականում դիտարկել են որպես տարանցիկ երկիր, շատերը, միգուցե ստիպված, վերադարձել են Ռուսաստան։

Հետազոտությունների բացակայության պայմաններում դժվար է վստահ պնդել, թե ինչու է ռուսաստանցի միգրանտների մեծ մասը որոշում հեռանալ Հայաստանից, և ինչ դեր է ունեցել բնակարանային ճգնաժամը այդ որոշման մեջ։ Բայց եթե հնարավոր է, օրինակ, հարևան Թուրքիայում՝ Միջերկրական ծովի ափին, գտնվող քաղաքներից մեկում Երևանից էժան բնակարան վարձել, ապա ընտրությունն այս դեպքում, կարծում եմ, ակնհայտ է։ Նշենք, որ ռուսաստանցի միգրանտներից շատերն աշխատում են հեռավար ՏՏ ոլորտում, և տրամաբանական է, որ նրանց համար վարձով բնակարանների գները առավել մեծ դեր են խաղում որևէ երկրում մնալ-չմնալու որոշում կայացնելու մեջ։

Հետաքրքրական է, որ բնակարանային ճգնաժամի մասին բարձրաձայնելիս միշտ գտնվում են մարդիկ, որոնք փորձում են բողոքը լռեցնել։ Նրանք շատ նորմալ են համարում գների նման կտրուկ աճն ու որպես փաստարկ բերում են տնտեսագիտության մեջ գրեթե համընդհանուր պատասխան հանդիսացող «պահանջարկ-առաջարկ» բանաձևը:

Իսկապես, կա մեծ պահանջարկ, ինչից առաջարկ անողները փորձում են առավելագույն օգուտ քաղել, սա ոչ ոք կասկածի տակ չի դնում։ Մարդկային ագահությունը, նույնիսկ ճգնաժամային պայմաններում, երբ առավել կարևոր են ապրումակցումն ու համերաշխությունը, սահմաններ չունի։

Խնդիրն այն է, որ բնակարանների վարձակալման ոլորտը բացարձակ չի վերահսկվում, ամեն ինչ մատնված է շուկայի «ինքնակարգավորման» հույսին, այնինչ սա ավելի է խորացնում բնակարանային ճգնաժամը։

Ավելացող գնաճի հետ միասին օրեցօր խորացող բնակարանային ճգնաժամը խախտում է վարձով ապրող հայաստանցիների գերակշիռ մասի և ռուսաստանցի ոչ ունևոր կամ միջին խավի միգրանտների՝ կացարան ունենալու հիմնարար իրավունքը։

Առանց անհրաժեշտ խելամիտ միջամտության, բնակարանային ճգնաժամի ազդեցությունը իրենց վրա զգում են ոչ միայն հասարակության խոցելի խմբերը, այլ նաև վտանգվում է Հայաստանը բարձր որակավորում և տնտեսության զարգացման մեջ մեծ ներդրում ունեցող միգրանտների համար հարմարավետ երկիր դարձնելու հնարավորությունը։

Հասարակությունում բարձր եկամուտ ունեցող փոքրամասնության համար է, որ վարձով բնակարանների ներկայիս գները կազմում են ամսական եկամտի 30-35%-ը: Որպես կանոն, այս խավը բնակարան վարձելու խնդիր չունի։ Մնացածին «ազատ» շուկայական հարաբերությունները մղում են ծայրամասեր՝ խորացնելով աղքատությունն ու ավելի ցցուն դարձնելով սոցիալական անհավասարությունը։

Ու քանի դեռ բողոքի ակցիաներ են իրականացնում, և բնակարանային ճգնաժամի հետևանքները իրենց մաշկի վրա ամեն օր զգում են տեղահանված արցախցիները, վարձով ապրող հասարակ ընտանիքներն ու ուսանողները, քանի դեռ բնակարանային ճգնաժամի պատճառով Հայաստանը լքում են ռուսաստանցի միգրանտները, ու քանի դեռ որոշում կայացնողները շարունակում են ձևացնել, թե խնդիր չկա, և ամեն բան ժամանակի ընթացքում «կինքնակարգավորվի», Հայաստանը չի լինելու մի երկիր, որն ունակ է պաշտպանելու մարդկանց իրավունքներն ու արժանապատիվ կյանքի հնարավորություն ստեղծել Հայաստանում ապրելու որոշում կայացրած մարդկանց համար։

Ոմանք փորձում են վարձի բարձր գին պահանջող տանտերերին և բրոքերներին հանրային պարսավանքի ենթարկելու միջոցով լուծել խնդիրը։ Սա, միգուցե, շատ լոկալ մակարդակում աշխատում է, բայց հարցի արմատական լուծում չէ։

Ակներև է հնչում, բայց համակարգային խնդիրները իսկապես պահանջում են համակարգային լուծումներ, որոնք պետք է պահանջել որոշում կայացնողներից։ Ցավոք, նրանք կամ ունակ չեն լուծումներ գտնելու, կամ ցանկություն չունեն, կամ երկուսը միասին։

Մինչ վարձով ապրող շարքային հայաստանցու կյանքում զանազան խնդիրներն ու առօրյա հոգսերը շատանում են, բնակարանային ճգնաժամը ստիպում է մարդկանց ապրել ու աշխատել՝ տան վարձը մի կերպ տալու համար։

LATEST
Das Leben unterm TischBelarus
Das Leben unterm Tisch 

Im Angesicht der ungewissen Zukunft spielt eine belarussische Schriftstellerin mit der Vergangenheit

20 December 2023
Russlands MitschuldArmenia
Russlands Mitschuld 

Wie Russland im Spiel um seine eigenen geopolitischen Interessen den Berg-Karabach-Konflikt als Trumpf nutzte

12 December 2023