15 December 2022Armenia

Ժամանակակից հայկական կինոյի դարակներում

Ինչի՞ մասին են ժամանակակից հայկական ֆիլմերը, որոնք հնարավոր չէ տեսնել

by Sona Karapoghosyan
© Har Toum


Հայերեն   English   Русский


Երևանի ամենակենտրոնում, տարբեր տգեղ գովազդային վահանակներով պարուրված, կանգնած է «Մոսկվա» կինոթատրոնը: Գրեթե ամեն ամիս կինոթատրոնի այս վահանակների վրա տեղ է գտնում հայկական մի նոր ֆիլմի պաստառ՝ հիմնականում խայտաբղետ կոմեդիաներ կամ պաթետիկ դրամաներ՝ ամենը անցորդների՝ պոտենցիալ հանդիսատեսի ուշադրությունը գրավելու համար: Վերջին տարիներին Հայաստանում մեծ էկրան են բարձրանում տարեկան շուրջ 12-15 ֆիլմ, որոնք գրեթե բացառապես խաղարկային լիամետրաժ կինոնկարներ են: Սակայն երբեմն սոցիալական մեդիա, առօրյա զրույցներ են թափանցում հպանցիկ անդրադարձներ, հիշատակումներ այլ ֆիլմերի մասին, որոնք պոտենցիալ հանդիսատեսը չի կարող տեսնել անգամ ամենամեծ ցանկության դեպքում: Այս ֆիլմերը ցուցադրվում են կինոփառատոներում երկրից ներս և դուրս, երևանյան փակ ցուցադրությունների ժամանակ, որոնց կարող են ներկա լինել միայն հրավիրյալները: Չխորանալով հավի ու ձվի կամ ֆիլմի ու հանդիսատեսի՝ միմյանց փոխազդելու հավերժական բանավեճի մեջ՝ փորձենք հասկանալ, թե ինչի՛ մասին են այդ ֆիլմերը, որոնք հնարավոր չէ տեսնել:

Գիտենք, որ կինոն, ինչպես արվեստի ցանկացած այլ տեսակ, արտացոլում է երկրում, հասարակություն մեջ տեղի ունեցող զարգացումները, կարևոր իրադարձությունները, փորձում արտապատկերել դրանք ռեժիսորի կամ սցենարիստի պրիզմայով: Եթե խաղարկային ֆիլմ նկարելու համար պահանջվում են շատ ավելի երկար ժամանակ, ֆինանսական միջոցներ, ապա վավերագրական կինոյի արտադրական ընթացքն ավելի «հեշտ» է: Թերևս սա է պատճառներից մեկը, որ Հայաստանում հեղինակային կինոյում մեծամասնություն է կազմում վավերագրական ժանրը: Մեկ վավերագրական ֆիլմի արտադրման ողջ ընթացքը տևում է 2-5 տարի՝ կախված ֆինանսավորումից, ինչպես նաև ռեժիսորների ձգտումներից: Սա հետաքրքիր հակադրություն է ստեղծում, օրինակ, ուկրաինացի ռեժիսորների և անկախ կինոարտադրության հետ, որոնք արձագանքեցին Ռուսաստանի ներխուժմանը շատ արագ: Մարտից հետո նկարահանված ֆիլմերը պտտվում են կինոփառատոներում, առցանց, մինչդեռ Արցախի 44-օրյա պատերազմի մասին պատմող հայկական ֆիլմերից շատերը դեռ արտադրական կամ հետարտադրական փուլում են:

Վերջին 5-8 տարիների հայկական անկախ կինոյին հետադարձ հայացք նետելու դեպքում՝ ուրվագծվում են մի քանի հիմնական թեմատիկաներ, որոնք միմյանց փոխարինելով, երբեմն անգամ մերժելով՝ ներթափանցեցին կինոյի դիսկուրս: Դրանք ուղղակիորեն կապված էին Հայաստանի պատմաքաղաքական իրադարձությունների հետ, որոնք շատ հեռու էին հանդարտ և խաղաղ լինելուց:

Film still from “Moskvich, My Love”Film still from “Moskvich, My Love”© Araprod

Մինչ թավշյա հեղափոխությունը, անկախ ռեժիսորներից շատերը սկսեցին վերանայել հետխորհրդային անցյալը՝ անկախության ձեռքբերմանը հաջորդող «մութ ու ցուրտ տարիները»: Լի նոստալգիայով ու որոշակի լավատեսությամբ՝ այս ֆիլմերը փորձում էին վերհիշել 90-ական թվականների երազանքները և հիասթափությունները: Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով» (2015), «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» (2016), Աննա Արևշատյանի «Բարի լույս» (2016), Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» (2012) ֆիլմերը անհատական պատմությունների միջոցով վերստեղծում են նորաստեղծ Հայաստանի Հանրապետության շունչն ու տրամադրությունները, բարքերն ու առօրյան: Ֆիլմերի հերոսների պատմություններում կար նաև Արցախի առաջին պատերազմի, բնակչության փոխանկման տրավմայի արձագանքը. օրինակ՝ «Մոսկվիչ, իմ սեր»-ի գլխավոր հերոսը Հայաստան է տեղափոխվել Ադրբեջանից: Նույն սցենարային առանձնահատկություններն ունի նաև Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» (2021) ֆիլմը, որի հերոսը Երևան է վերադառնում Արցախյան պատերազմից հետո ու փորձում հարմարվել քաղաքային կյանքի կանոններին: Նշված գրեթե բոլոր ֆիլմերի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում և կարճ ժամանակ ցուցադրվել է կինոթատրոններում: «Լույսի կաթիլների» հայաստանյան պրեմիերան դեռևս տեղի չի ունեցել:

Film still from “I Am Not Alone”Film still from “I Am Not Alone”© Avalanche Entertainment

2018 թ. թավշյա հեղափոխությունը բերեց ազատության, հավաքական ուժի աներևակայելի ալիք, որը, թվում էր՝ անսպառ ոգեշնչանքի հոսք պետք է ապահովեր հայաստանյան ռեժիսորների համար: Ապրիլ-մայիս ամիսներին հատկապես վավերագրական կինոյում աշխատող հեղինակներից շատերը Երևանի փողոցներում էին, տեսագրում էին քաղաքացիական շարժումը: Բայց հեղափոխությունից ընդամենը երկու տարի հետո բռնկված համավարակը, ապա նաև Արցախյան 44-օրյա պատերազմը կտրականապես փոխեցին քաղաքական դիսկուրսն ու հասարակական տրամադրությունները: Ամենից առաջ անէացավ լավատեսությունը, և ռեժիսորները սկսեցին կասկածի տակ դնել իրենց նախագծերի արդիականությունը և իմաստը: Այնուամենայնիվ, հեղափոխությանը նվիրված երկու հետաքրքիր ֆիլմեր ներգրավվեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրում 2020-2022 թթ.՝ ծառայելու որպես փաստաթուղթ ընդամենը երկու (չորս) տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին, որոնցից հետո, ասես, մի ամբողջ կյանք էր անցել: Վահան Խաչատրյանի «Հեղափոխություն» (2020), Արտաշես Մաթևոսյանի և Արա Ճաղարյանի «Revolivation» (2021) փորձարարական վավերագրական ֆիլմերը յուրովի ամփոփում էին այս լայնածավալ շարժումը՝ խտացնելով այն մեկ րոպե ընթացող նախերգանքում («Հեղափոխություն»), կամ բյուրավոր մասնակիցների հեռախոսներով արված տեսահոլովակների կոլաժում («Revolivation»): Հեղափոխության զարմանալիորեն ամբողջական պատկեր է տալիս Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» (2019) ֆիլմը, որը հետևում էր Նիկոլ Փաշինյանին շարժման ամենասկզբից՝ ամերիկյան վավերագրական կինոյի «հերոսի ճանապարհորդություն» (hero’s journey) կոնցեպտի լավագույն ավանդույթներով: Ֆիլմը Հայաստանում չցուցադրվեց: Հեղափոխությանն անդրադարձ կա նաև Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «5 երազողները և ձին» (2021) ֆիլմում:

Film still from “5 Dreamers and a Horse”Film still from “5 Dreamers and a Horse”© Oolik Production

Համավարակը գրեթե տեղ չգտավ հայկական ֆիլմերի սյուժեներում, ինչը կապված էր դրա բռնկումից ընդամենը մի քանի ամիս անց սկսված Արցախյան պատերազմի հետ: Բացառություն են Արթուր Սուքիասյանի և Արամ Պաչյանի «@HOME WITH A CAMERA - Վազքի լեզուն» կարճամետրաժ ֆիլմը, որը հետևում էր Կասկադի վազորդներին մեկուսացման օրերին, և Արման Երիցյանի «Դիմակայություն» ֆիլմը, որը միաժամանակ ներկայացնում է համավարակն ու 44-օրյա պատերազմը՝ համադրելով իրականությունը Մատենադարանում պահպանվող հազարամյա ձեռագիր մատյանների հետ:

Վերջին տարիներին Արցախը միշտ եղել է հայկական ժամանակակից կինոյի գլխավոր հերոսներից մեկը, գրեթե նույնքան շատ վերապատմված, որքան Հայոց ցեղասպանությունը: Դրանք հետպատերազմյան կամ պատերազմյան դրամաներ են կղզիացված ու շրջափակված համայնքների, նրանց առօրյայի մասին՝ արված թե՛ վավերագրական, թե՛ խաղարկային ժանրում: Միաժամանակ ու իրարից անկախ երկու ռեժիսորներ իրենց տեսախցիկն ուղղեցին դեպի Ստեփանակերտի օդանավակայան, որը, վերանորոգվելով 2011 թ., չգործարկվեց ադրբեջանական սպառնալիքի ու նաև միջազգային որակավորում չստանալու պատճառով: Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (2021) և Գարեգին Պապոյանի «Bon Voyage» (2020) ֆիլմերը կենտրոնացած են օդանավակայանի շուրջ, ու եթե առաջինում Մարտիրոսյանի գործադրած սիմվոլային համակարգը փոխանցում է «թռչել ցանկացող» Արցախի երազանքը, ապա «Bon Voyage»-ում Պապոյանն ընդգծում է իրականության զավեշտալիությունն ու աբսուրդը: Երկու ֆիլմերն էլ ցուցադրվեցին միջազգային կինոփառատոներում, իսկ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը գրանցեց մեծ հաջողություն ողջ հայ կինեմատոգրաֆի համար՝ դառնալով վերջին հիսուն տարիների առաջին հայկական ֆիլմը, որ ընդգրկվեց Կաննի կինոփառատոնի հիմնական ծրագրում: Մեկուսացման, սահմանի այն կողմից վտանգի շարունակական սպասման մասին է նաև Հակոբ Մելքոնյանի «Շրջափակում» (2020) ֆիլմը, որը նկարահանվել է Բերդ քաղաքում [∗] ու դրա շրջակա գյուղերում:

Film still from “Bon Voyage”Film still from “Bon Voyage”© Playtime Productions

2020 թ. սեպտեմբերին, ինչպես թավշյա հեղափոխության օրերին, տասնյակ ռեժիսորներ Հայաստանից ու արտերկրից մեկնեցին Արցախ՝ պատմելու պատերազմի մասին: Արդեն հասանելի են շուրջ տասնյակ վավերագրական ֆիլմեր, երբեմն վիճելի արտիստիկ արժեքով՝ բաղկացած միայն հույզերից ու հարցազրույցներից: Օրինաչափական է, որ այս ֆիլմերը նկարահանվել են ամերիկահայ կամ այլազգի ռեժիսորների կողմից: Որոշակի բացառություն է Կարին Հովհաննիսյանի «Անտեսանելի հանրապետություն» (2022) ֆիլմը, որը ևս դժվարությամբ է տեղավորվում հեղինակային կինոեզրույթում: Նույն թեմային նվիրված հայաստանցի ռեժիսորների ֆիլմերը դեռևս արտադրական կամ հետարտադրական փուլում են. ֆիլմեր են պատրաստում Անժելա Ֆրանգյանը, Վահագն Խաչատրյանն ու Արեն Մալաքյանը, Սիլվա Խնկանոսյանը և այլք: Աշխատանքային փուլում գտնվող այս ֆիլմը Խնկանոսյանի երկրորդ գործը կլինի՝ արված Արցախում: Նրա դեբյուտային՝ «Վախենալու ոչինչ չկա» (2019) վավերագրական ֆիլմը հետևում էր արցախցի կին ականազերծողների խմբի, որոնք ականազերծում էին Արցախի սահմանամերձ տարածքները: Ռադիկալ, սառն ու էմոցիոնալ համակարգին մարտահրավեր նետող ֆիլմը ունեցավ տպավորիչ փառատոնային հետագիծ՝ ցուցադրվելով Լայպցիգում, Ռոտերդամում և այլ հեղինակավոր փառատոներում:

Film still from “Should the Wind Drop”Film still from “Should the Wind Drop”© Sister Productions

Կանանց մասին պատմությունները վերջին տասնամյակի հայկական կինոյի հիմնական հետաքրքրություններից մեկն են, ինչը թերևս կապված է կինոարտադրությունում կին պրոֆեսիոնալների թվի ֆենոմենալ աճի հետ: Ֆիլմերը շատ հաճախ ոչ միայն մեկ հերոսուհու մասին են, այլև կանանց մասնագիտական կամ ընկերական խմբի, փորձում են ցույց տալ նրանց նմանություններն ու տարբերությունները, դժվարությունները, որ կիսում են՝ դառնալով երկրի կանանց մեծամասնության խնդիրներն արտացոլող հայելի: Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» (2022), Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» (2019) տարբեր պատմություններից ու զրույցներից հյուսված վավերագրական ֆիլմեր են, որ տեղափոխում են հանդիսատեսին այդ կանանց իրականություն, ստեղծում մտերմության ու ջերմության միջավայր, որի հետևում թաքնված են հայ հասարակության ամենակարևոր ու հրատապ խնդիրներից երկուսը՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները («Թոնրատուն») և հայկական գյուղերից աշխատանքային արտագաղթը Ռուսաստան («Կանանց գյուղը»): Երեք տարբեր արցախցի կանանց մասին է նաև Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինում» ֆիլմը, որ այժմ հետարտադրական փուլում է: Սևանա լճում աշխատող կին ձկնորսի մասին է Արթուր Սահակյանի «Քամու հետ» (2018) վավերագրական ֆիլմը, որն ի տարբերություն Խնկանոսյանի ֆիլմի, որի հերոսները միայն կանայք են, հակադրում է իր միակ հերոսուհուն ձկնորսական խմբի մյուս տղամարդկանց:

Առանձին կանանց պատմություններ են ներկայացնում նաև Նաիրի Հախվերդիի «Ավլելով Երևանը» (2020) և Արամ Շահբազյանի «Չնչիկ» (2020) կինոնկարները: Վերջինը, որ ավելի քան տասնհինգ տարի ձգվող արտադրական պատմություն ունի, գյուղում ապրող երիտասարդ աղջկա պատմություն է, որին սպանում են արտամուսնական հղիության պատճառով՝ մաքրելու ընտանիքի պահիվը: Շատ հազվադեպ ներկայացված խմբի՝ փողոցները մաքրող մարդկանց մասին է Հախվերդիի վավերագրական ֆիլմը, որի հերոսուհին ստիպված է աշխատել ողջ գիշեր՝ իր ուսերին կրելով ընտանիքի մասին հոգալու բեռը:

Film still from “With the Wind”Film still from “With the Wind”© Illusion Production LLC

Ուրբանիստ մարգինալները ևս գտնվում են հայ ժամանակակից ռեժիսորների ուշադրության կենտրոնում՝ Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք» (2015), Արեն Մալաքյանի «Վոլդեմար» (ներկայումս հետարտադրական փուլում) ֆիլմերը հետևում են քաղաքային էկոհամակարգի անբաժան մաս դարձած, բայց մեկուսացված հերոսներին, որոնք շարունակում են ապրել անցյալում:

2015 թ. նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որին ընդառաջ նկարահանվել էին մի շարք ֆիլմեր՝ հերթական անգամ փորձելով նկարագրել աննկարագրելին: Հիմնականում ընտրվում էին Ցեղասպանության «խորհրդանիշ» կերպարները, օրինակ՝ Կոմիտաս վարդապետը (Վիգեն Չալդրանյան, «Վարդապետի լռությունը», 2015), պատմություններ, որ կամրջում էին ողբերգական անցյալը ներկայի հետ (Կարին Հովհաննիսյան «1915», 2015): Թվում էր, թե 100-րդ տարելիցից հետո թեման կդադարի այսչափ ներկայացված լինելուց, սակայն մյուս տարիներին ևս Եղեռնի պատմությունները վերադառնում էին կինո: Օրինաչափորեն՝ նկարահանված ռեժիսորների ավելի ավագ սերնդի կողմից՝ սրանք 1915 թ. իրադարձությունների դիպվածային պատումներ էին մեծ ֆիլմի մեջ (Էդգար Բաղդասարյան «Էրկեն գիշեր», 2018), հետքերի ու հետևանքների ներկայացում (Սուրեն Բաբայան «Հողաչափիչները», 2018): Միջազգային փառատոնային հաջողակ ուրվագիծ է սկսել նաև Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» (2022) անիմացիոն վավերագրականը, որը պատմում է Ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիկանյանի պատմությունը: Փրկվելով ջարդերից ու հայտնվելով ԱՄՆ-ում 1918 թ.՝ Ավրորան որոշում է նկարահանվել Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին ֆիլմում՝ հույս ունենալով, որ ֆիլմից գոյացած շահույթը կօգնի որբացած հայ մանուկներին: «Ավրորայի լուսաբացը» ցուցադրվում է Երևանի կինոթատրոններում:

Film still from “Aurora’s Sunrise”Film still from “Aurora’s Sunrise”© Bars Media Documentary Film Studio

Այսպիսով, հայկական ժամանակակից կինոն կենտրոնանում է մի քանի հիմնական թեմատիկաների վրա, որոնք, որպես կանոն, հասարակության ուշադրության կիզակետում են, դրա մասին են բոլոր քննարկումները համացանցում և հեռուստատեսությամբ՝ հեղափոխություն, Ցեղասպանություն, Արցախյան պատերազմներ, կանանց հիմնախնդիրներ: Չնայած այս խնդիրների հրատապությանն ու դրանց մասին խոսել չդադարելու կարևորությանը՝ անտեսվում են անհատական և «սովորական» պատմությունները, որոնց միջոցով հնարավոր կլիներ քննել հասարակության տարբեր շերտերի, օրինակ՝ երիտասարդների խնդիրները, ինքնության ու պատկանելության հարցերը: Ստեղծվում է թյուր տպավորություն, որ խնդիրները գոյություն չունեն, ինչն էլ ազդում է վերոնշյալ թեմաներով արված ֆիլմերի խորության ու բազմակողմանիության վրա:

Այս տարի հայկական հեղինակային կինոյի ամենակարևոր իրադարձություններից մեկը Արտավազդ Փելեշյանի «Բնություն» (2020) ֆիլմի ցուցադրությունն էր «Մոսկվա» կինոթատրոնում: Պրեմիերա ունենալով Փարիզում ու ճանապարհորդելով մի շարք հեղինակավոր միջազգային կինոփառատոներում՝ ֆիլմը մեկ ցուցադրություն էր ունենալու Երևանում: Մուտքն ազատ էր բոլորի համար, և թեև ֆիլմի անօրինական ֆայլը վաղուց հասանելի էր համացանցում, դահլիճում չկար ո՛չ նստելու, ո՛չ կանգնելու տեղ: Հարյուրավոր մարդիկ եկել էին տեսնելու հայկական կինոյի տիտանի նոր ֆիլմը, տեղավորվել էին գետնին, անգամ երկուսով կիսում էին մեկ նստատեղը: Սա կարող է հետաքրքիր երանգ տալ վերևում նշված հավի ու ձվի՝ հանդիսատես չունեցող «անտեսանելի» ֆիլմերի անլուծելի խնդրին: Չմոռանալով այս իրադարձության բացառիկության մասին՝ պետք է փաստել, որ հանդիսատեսը հետաքրքրված է դիտել այլ կինո, ինչին խանգարում են կինոարտադրությունում առկա բազմաթիվ խնդիրները: Այս այլ կինոն թաքնվել է խայտաբղետ պաստառների հետևում, ինչպես «Մոսկվա» կինոթատրոնի գեղեցիկ շենքը, և ուղղակի սպասում է, որ իրեն տեսնեն:


[∗] Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող քաղաք, որ սահմանակից է Ադրբեջանին և հաճախ է լինում ռազմական իրադարձությունների կենտրոն:

LATEST
Das Leben unterm TischBelarus
Das Leben unterm Tisch 

Im Angesicht der ungewissen Zukunft spielt eine belarussische Schriftstellerin mit der Vergangenheit

20 December 2023
Russlands MitschuldArmenia
Russlands Mitschuld 

Wie Russland im Spiel um seine eigenen geopolitischen Interessen den Berg-Karabach-Konflikt als Trumpf nutzte

12 December 2023