
The Vanishing People
Is it possible to stop the rapid decline in the Moldovan population?
19 October 2023
Այս տարվա աշնանը «Kolchis» հրատարակչության կողմից գերմաներեն թարգմանությամբ լույս կտեսնի ժամանակակից հայ գրականության գլխավոր վեպերից մեկը՝ Արամ
Հայերեն English Русский
Էսսեն գրվել է 2023 թվականի ամռանը։ Այս պահին Արցախը Ադրբեջանի կողմից ենթարկվում է էթնիկ զտումների։
Պոլինա Բարսկովային
Ժամը 11:00-ն է:
Մի տեսակ անշառ ժամ,
Իսկ ավելի անպետքորեն՝ լավ ժամ:
Պահը, գոլ սուրճի, վիսոտկեքի բակերում՝ «Ավել ու Սևանի սիգա` թարմը, ջրից նոր հանած» ձեռաց առուտուր անող մարդկանց կանչերի ժամ — պարզորոշ անմարդ նախաճաշի — որ աշխարհի ամենավճիտ ու լուռ հոգեհանգիստն է:
Զարուհին պատմեց:
Պատմեց: Գնաց լվացարան, լացեց, վերադարձավ, նստեց ընթերցասրահի իր տեղում, միշտ աշակերտավարի ահաբեկված իր աթոռին — Զարուհին առաջին դասարանցու կանաչավուն տետրակով նստեց — էլի լացեց — դեմքը քիչ խնդմնդաց: Դու մոռացել ես՝ ե՞րբ էր, ո՞ր թիվն էր`
Աշուն էր:
Էդ որ հաստատ:
Մարդու մարմնամասերը սկսել են աշնանը հաշվել — ցեխին խառնված հյուսվածքներն առանձին պարկով — ցեխն էլ ջահել —
Ինչը բանալ է հնչում` վերագրիր երազին: Ընդհանրապես ինչից խուսափում ես, վախենում — վերագրիր — կանցնի — բայց
Կարծես Բրեխթն է մի անգամ ասել, լավ չես հիշում — համենայնդեպս ասել էր՝ Բանալ թվալու վախը ծանր բանալություն է: Բրեխթը մի տեղ իր մեղքի զգացման ու ափսոսանքի մասին է տագնապել: Աղետը վերապրողի` աղետը վերապրելու ափսոսանքն է գուցե: Պատերազմում, փլատակների տակ ողջ մնալու մեղքի զգացումը մեռյալների հանդեպ —
Բայց իրոք ինչ բանալ է:
Էդպես թող լինի:
Ասես քո թույլտվությանն էլ սպասում էր:
Ուրեմն Բրեխթին մոռանալով՝ Չիկագոյի հանրային գրադարանում Էրվինը կատաղած ասել էր՝ «Բրոդսկին դիպուկ էր, երբ Օդենի վրիպումը բարձրաձայնել էր՝ «Բրեխթը մեծ պոետ չէր»: Ձախը — մարքսիստը — խորհրդային ճամբարականը պոետ լինել չի կարող, որովհետև քայլել է, անցել ստալինականության միջով, քայլել է անցել (դե-ստալինիզացիայով), Ձնհալով — ուրիշի կյանքն է վերապրել — դրանից ռիթմ ու սիրտ կերտողի գրողական փառք նվաճել» —
Ասես կարողն ու անկարողը Էրվինի բանալությանն էին սպասում:
Բայց Էրվինին խելքի գցեցիր՝ Երևանում հանրային գրադարանները հետխորհրդայնությունն են վերապրում, ապա, ապա-ապագաղութացումը: Երբ մտնում ես
Մի քիչ կարոտում ես Չիկագոյի գրադարանը: Ներսում ընդամենը մի ժամ ես եղել: Չէ, քսան րոպե: Երևի չես տեսնի էլ, քանի որ չես վերադառնա այնտեղ, որտեղ հավաքական ու անձնական հիշողության ոչ մի կորուստ չի գրանցվել, որտեղ ուրիշի փոխարեն իրենք իրենց չեն հասկանում — ուրիշով —
Երևանյանի ընթերցասրահում ձեռագիր տեքստ էին գտել (հորինվածք): Իրականում բոլորը գիտեին, թե ումն է: Ընթերցողը ընթերցողների ներկայությամբ բարձրաձայն կարդաց՝ «Ո՛նց եք պատերազմը թողած շարունակ գալիս գրադարաններ, քչփորում խորհրդային անցյալն ու հիշողությունը: Պատերազմը դիմացդ է: Մեջքիդ կանգնած: Քեզնից մի շունչ հեռավորության վրա: Չխաբես: Պատերազմը դու ես: Պատերազմը քո ներսում է: Հա՛, դու տեղով մեկ պատերազմ ես: Քո պաթոսից սիրտս խառնում էր: Ատո՛ւմ եմ քեզ: Ամեն բառդ ատում եմ: Ո՛նց թողեցիք կրկնվի: Մեռաք աջ ու ձախ մարդկանց հոգիները բառածեծ անելով՝ թե երկու աշխարհամարտ, մեկը՝ անհեթեթ, մյուսը՝ հեթեթ (հարմար), Աուշվից, ԳՈՒԼԱԳ, Հիրոսիմա, արվեստ, գրականություն, հումանիտե: Ոնց ասես, ինչ հանճարով ասես գրեցիք. ահռելի տպաքանակներ, հռչակներ, գումարներ,
Արդեն քանի աշուն է
հետխորհրդային խխունջված գրադարանում, ուր իսկապես Երևանն է, հավանաբար գրադարանային աշխարհից դուրս լացն ու խնդուքը նույն մաղով են անցնում: Զարմանալի բան. լացն ու խնդուքը մաղի չափով չեն, բայց նույն մաղով են անցնում: Սրան հավելի կոմիկն ու տռագիկը — իբրև թե պատերազմը գեղարվեստելու դեռևս երկու (օրինավոր) միջոցները, որոնք չեն սպառվում — ասեց մեկը — էլի ընթերցասրահից դուրս գալիս — ու էլի լավ չես հիշում, թե ով: Դու ասեցիր՝ Վատ չէր — էս հեչ վատ չէր — էս հաստատ կպահեմ մտքումս ու մի օր կօգտագործեմ: Ու հիմա օգտագործում եմ: Օգտագործում — բառի փոխարեն ուզում էի գրել՝ գործածում: Բայց ինչի
Լավ, հիշելով ու գալով Զարուհուն:
Զարուհին մարմնի լարումը արձանացրեց տետրակին — մարդու, մտածողի, անանուն, ստոիկ փիլիսոփայի իր ձևով: Եվ իհարկե՝ քաղվածելով գրառել սկսեց: Մինչև հիմա հստակ չի մանրամասնել, թե ինքը՝ իբրև մտածումի արձան, այդ ի՛նչ է եղերական ռեժիմով, քաղվածողի ու գրառողի չքնաղ մատնազարկով որոնում գրադարանի ֆոնդերում ու այդ ի՛նչ է խեղդումից փրկվել կամեցողի պես օդը բլիթ առ բլիթ կուլ տալով՝ հետևողականորեն ուսումնասիրում: Զարուհու մատները սիրուն են ոնց որ պատահմունքով գտնված զարմացնող լեգենդը: Ու ընդհանրապես, ինչու Զարուհին չի ավարտում դպրոցականի իր կանաչավուն տետրակն ու չի վերջացնում գրչամիջուկի թանաքը, մանավանդ երբ դպրոցականի տետրակը, որքան հիշում եմ ու սխալվում՝ 12 թերթ է —
Չնայած մի բան պատմել է:
Խորհրդային Հայաստանում վայրի գայլուկի մշակման փորձը հետազոտելու և վերասերտելու մասին էր պատմում — և որ — գայլուկի սեփական տնկարան ստեղծելու նպատակ ունի: Գայլուկ: Դու մտածում ես՝ գուցե բառից է կախարդվել — գայլուկ —
Աշխարհը հրդեհի մեջ,
բռնում Խորհրդային Հայաստանում 1940 թվականին «Գայլուկի կուլտուրան» (ձեռնարկ գայլուկագործական կոլտնտեսությունների բրիգադիրների համար) գրքույկ են հրատարակում: Հրդեհվող աշխարհում անգամ գայլուկի պրոֆեսոր է գտնվում, համաձայնում խմբագրել գիրքը: Ու քանի որ այստեղ-այնտեղ հիշողությամբ մոռացում ես խաղում, տուր նաև գայլուկի պրոֆեսորի անունը — անհասցե — գրառի ուղղակի — գուցե իսկապես վերապրի աքսորը —
Հիմա էլ,
գրեթե մի դար
Պատերազմի լուրը կարդացի ձեռի հետ, գդալով բանկայի միջից մուրաբայի հատիկներ էի հանում: Էս լավ փոխաբերություն կլիներ կամ չգիտես ինչ զիբիլ: Լուրը բան չասեց, անկեղծ, բան չհասկացա: Անջատված շարունակեցի մուրաբա հանել: Ես բանկայից մուրաբայի հատիկներ եմ հանում, սահմանին՝ զինվորը զինվորի փորոտիքը: էն էլ ոչ թե գդալով կամ պատառաքաղով, այլ ձեռով: Տելեգրամում դրել էին, տեսա: Ինչի՛ տեսա: Մի տարի առաջ տելեգրամս ջնջել եմ: Իրոք, մուրաբան ու փորոտիքը՝ պատահաբար կապվեցին իրար: Անցան նույն — լրիվ նույն մաղով: Երկուսն էլ պատահար են: Երկուսն էլ վերաբերմունք: Նույն պահին զուգահեռվող Կասկադի կաֆեի մառոժնին — մուրաբայի հատիկները — զինվորը զինվորի փորոտիքը քչփորելը — ինչ եմ
Չինական էժանագին սոսինձը կփրկի — կուզեիր ասել՝ աշխարհը, բայց հիմարորեն լուրջ մի բան ասած կլինես — ավելի լավ է ասես՝ չինական սոսինձը կփրկի երևանյան գրադարաններում հոգեվարքող գրքերը: Կարծես միայն Մատենադարանն է, որ գրքերի ռեստավրատոր ունի: Գրադարանները չունեն — թվում է՝ կազմարարներ կան: Այնպես են վերակազմում գիրքը, որ հնարավոր չլինի կարդալ: Իսկ գրքերի հին շապիկները ժամանակ առ ժամանակ հրաշալի բաներով են փոխարինվում՝ Դանթեի շապիկին փոխարինել է Լեդի Գագայի ճիչը — մկրատված-բերված
Անյայի հետ սոսնձում եք գրքերի կազմերը, պոկոտած էջերը, սոսնձում ֆորզացները, որոնք
Երբ դարակաշարերի մոտ ծանոթացաք, Անյան զրույցի ընթացքում ասեց՝ Ես ոչ ռելոկանտ եմ, ոչ միգրանտ — Անյան ասեց ՝ Գիտե՞ս Երևան տեղափոխված ռելոկանտը ինչո՛վ է տարբերվում միգրանտից — ռելոկանտը նա է, ով Երևանում զբոսնելով մի օր գլխի է ընկնում՝ ինքը երեխա ժամանակ մաննի կաշայից հաստատ չի զզվել — Անյան ավելացրեց՝ Խորը բան եմ ասում, մի խնդա — հետո դրան էլ ավելացրեց՝ Ամենախնդալուն էդ խորը բանն էր — բայց էլի մի խնդա — լավ, ես հո քո հրամանատարը չեմ՝ խնդա — էլի հրամայում եմ —
Երբ ձեր խնդիկ-մնդիկն էր — երևի նույն պահին Բուչայում ռուս զինվորականներն ուկրաինացի խաղաղ բնակիչների էին ցեղասպանում — նույն պահին ադրբեջանական բանակի զինվորները Իշխանասարում՝ «Հովազ 1» բարձունքում, հայ ռազմագերիների էին գնդակահարում — Անյան ընդհատեց — նամակով էր ընդհատել — գրել էր՝ Լսի, խնդրում եմ՝ վե՛րջ տուր պատերազմը դրամատիզացնելուն, ծանակելուն, պատերազմի անիմաստությունը անիմաստ դարձնելուն, պատերազմը ամեն գնով գեղարվեստելուն: Խեղումից վերախեղում մի քամի — անպատասխանատվությունդ պատասխանատվության ինքնականչով չես զեղչի — կներես — ու մի՛ ների —
Պատերազմում զոհվածների հանդեպ մեղավորության զգացումդ անբարոյացնելու՝ բարոյացման հրեշավոր ջանքդ քո՛, մենակ քո՛ մասին է —
Հերի՛ք իրոք:
Վաղը ժամը 11:00-ին կհանդիպենք գրադարանում:
Զարուհին գայլուկ պիտի բերի:
Պատկերացնո՞ւմ ես՝ իր ձեռքով աճեցրած —
արամ
Is it possible to stop the rapid decline in the Moldovan population?
19 October 2023How the opposition is being rebuilt in Moldova and what it is going to be like
11 October 2023The winter will be long but we can keep each other warm
4 October 2023How Chişinău Became an Epicenter of a Toponymic Disaster in the Twentieth Century
2 October 2023Aram Pachyan speaks about memory, oblivion and the traumas of modernity
26 September 2023The history and challenges of independent Georgian cinema
25 September 2023Struggle for Freedom in the Shadow of Starvation
11 September 2023A Belarusian writer on the three hundred years of unfreedom of speech
8 September 2023Nicoleta Esinencu depicts the unpleasant Moldovan reality that normally goes unnoticed
4 September 2023A few words about the miners’ strike in Chiatura
31 August 2023Yerevan’s dismantled memory and the ambiguity of the city’s perspective
17 August 2023A Sketch on Extraordinary Aesthetics in Musings and Citations
11 August 2023