Life Under the Table
On the eve of the unknown the Belarusian writer is playing with the past
20 December 2023
Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում տեղի չունեցավ։ Պատերազմը ոչ միայն չլուծեց հակամարտող կողմերի միջև առկա հարցերը, այլ նաև նոր խնդիրներ առաջացրեց։
Այդ շարքում ամենաառանցքայինը «Զանգեզուրի» միջանցքի թեման է, որը խնդրահարույց հարց է ինչպես հայ-ադրբեջանական օրակարգում, այլև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահառուների համար՝ Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Իրան և այլն։ Ի՞նչ է միջանցքը՝ հնարավորությո՞ւն, թակա՞րդ, թե՞ փակուղի։
Հայերեն English Русский
44-օրյա պատերազմ. նախնական արդյունքները
2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը դեռ երկար կհիշվի թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների կողմից։ Հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմը, որ սկսվել էր սեպտեմբերի 27-ին, ավարտվեց դե ֆակտո Ռուսաստանի հաղթանակով։ Կողմերից և ոչ մեկը՝ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը, չհասան իրենց ռազմավարական ու քաղաքական նպատակներին։ Արդյունքում՝ միակ հաղթողն ու շահառուն դարձավ Ռուսաստանը, որը իր խաղաղապահ զորակազմը տեղակայեց Լեռնային Ղարաբաղում՝ փաստացի սառեցնելով կոնֆլիկտը, իր միանձնյա մոդերատորությունը հաստատելով կողմերի նկատմամբ, վերահաստատելով իր դիրքերը՝ որպես տարածաշրջանում խաղաղության ու պատերազմի երաշխավոր։
2020 թ. 44-օրյա պատերազմի միջոցով Ադրբեջանը նպատակ ուներ ազատագրել իր միջազգայնորեն ճանաչված տարածքները, որոնք Արցախյան առաջին պատերազմից հետո անցել էին հայկական ուժերի վերահսկողության տակ։ Մի կողմից Ադրբեջանը նպատակ ուներ գրավել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ամբողջությամբ՝ այդպիսով վերջ տալով ԼՂ խնդրին և ստիպելով տեղի հայերին կա՛մ ենթարկվել իրեն, կա՛մ դուրս գալ Լեռնային Ղարաբաղից։ Մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունը նպատակ ուներ ամեն գնով պահպանել 30-ամյա զինադադարը՝ ձգտելով անընդհատ կոնսերվացնել խնդիրը և պահպանել ստատուս քվոն։ Բայց պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղը կորցրեց ոչ միայն հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող հինգ շրջանները, այլև ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութի շրջանը և Շուշին, որոնք ինքնավարության սկզբունքով գտնվում էին Խորհրդային Ադրբեջանի կազմում և Խորհրդային Միության ժամանակաշրջանում ուղղակիորեն կառավարվում մետրոպոլիայի՝ Մոսկվայի կողմից, երբեք չլինելով Ադրբեջանի ուղղակի վերահսկողության տակ՝ թե՛ դե յուրե և թե՛ դե ֆակտո։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դադարեցվեց 44-օրյա պատերազմը, հաստատվեց հրադադար, որի 3-րդ կետով արձանագրվեց, որ «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ», իսկ 4-րդ կետով սահմանվեց, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5-ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»։
Սա իհարկե պատերազմի դադարեցման, ռուսական միջնորդության հաստատման և կողմերի միջև զինադադարի կնքման վատագույն տարբերակը չէր, հատկապես եթե հաշվի առնենք կողմերի անհաշտ հռետորաբանությունն ու այն առավելապաշտական մոտեցումը, որը որդեգրել էր Ադրբեջանը՝ Թուրքիայի հովանավորությամբ ու Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանի մոդերատորի թողտվությամբ։
Մեզ հետաքրքրողն այս համատեքստում նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող Ադրբեջանի արևելյան հատվածը արևմտյանին՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող ճանապարհն է, որը պաշտոնական Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին անվանել «Զանգեզուրի միջանցք»։ Դրա տարածաշրջանային, աշխարհաքաղաքական նշանակությունը, կողմերի՝ միջանցքի պարամետրերի մեկնաբանությունն ու դրանից բխող հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ իրավիճակը լավագույնս կարելի է բնութագրել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» բանաձևով։
Ի վերջո, ի՞նչ է «Զանգեզուրի միջանցքը»
Ադրբեջանական դիրքորոշում
44-օրյա պատերազմի դադարը հաստատող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Բացի այդ, ըստ հայտարարության 6-րդ կետի՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հայերը, որոնք դե ֆակտո չեն գտնվում Ադրբեջանի վերահսկողության ներքո, ցամաքային կապ են հաստատում Հայաստանի հետ։ Իսկ այդ կապը՝ Լաչինի միջանցքը, վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից։ Զուգահեռներ տանելով հայտարարության այս կետին և, պատերազմի հաղթական արդյունքով ամրապնդված, Ադրբեջանը կարողացավ հասնել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։ Հիմք ընդունելով այս հայտարարությունը՝ Ադրբեջանը պահանջում է Լաչինի միջանցքին համազոր «միջանցք»՝ ՀՀ սահմանի ամենանեղ՝ Մեղրիի հատվածով՝ երկաթուղով և ավտոմոբիլային ճանապարհով, և, որ ամենակարևորն է, առանց ՀՀ իրավազորության և ՌԴ սահմանապահ ուժերի երաշխավորությամբ ու հսկողությամբ։
Պատերազմի ավարտից դեռ մեկ ամիս չէր անցել, երբ 2020 թ. դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ Ադրբեջանի ժողովրդին ուղղված ելույթով։ Իր խոսքում Ալիևը, մասնավորապես, ասել էր. «…Այստեղ (նոյեմբերի 9-ի հայտարարությունում.- Գ.Մ.) կոնկրետ նշվում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի հիմնական մասի միջև միջանցք է ստեղծվում, և այդ միջանցքի անվտանգությունն ապահովում է ոչ թե Հայաստանը, այլ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային ծառայությունը։ Այսինքն՝ այս միջանցքը բացարձակապես անվտանգ է լինելու»։
Ալիևն այդ ելույթում բացահայտ խոսում էր թե՛ Հայաստանից տարածքային պահանջների, թե՛ Ադրբեջանը Նախիջևանին կապող «միջանցքի» մասին։ Այս ամենը հավելվեց նաև 2021 թ. հունվարի 11-ի Փաշինյան-Ալիև-Պուտին մոսկովյան հանդիպումով, որտեղ հայտարարության տեսքով վերահաստատվեց կոմունիկացիաների ապաշրջափակման կարևորությունը, և նույնիսկ հստակեցվեցին ժամկետներն ու ապաշրջափակման հանձնաժողովների աշխատանքային խմբերի իրավասությունները։ Ըստ այդ հայտարարության 2-րդ կետի՝ «…Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. հունվարի 30-ը կանցկացնի առաջին նիստը, որի արդյունքներով կկազմի Հայտարարության 9-րդ կետի իրագործումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ սահմանելով երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունները»։
Նոյեմբերի 9-ի հայտարարության՝ «երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը» ձևակերպման մեջ է հենց «թաքնված» Ադրբեջանի քայլերի, նրա ռազմատենչ հայտարարությունների, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ պահանջների և ոտնձգությունների բանալին։ Հետպատերազմյան ստատուս քվոն հաշվի առնելով՝ Իլհամ Ալիևի Ադրբեջանը առաջ քաշեց առավելագույն ու նվազագույն նպատակներ։ Առավելագույնը ԼՂ հարցի փակումն է և ԼՂ միացումը Ադրբեջանին՝ հայերով կամ առանց հայերի, նվազագույնը՝ Սյունիքի մարզում Լաչինի միջանցքին համազոր «միջանցք» ստանալը՝ իր էքսկլավ Նախիջևանի հետ անխոչընդոտ կապի համար, կապ, որը չի վերահսկվի և չի կարգավորվի Հայաստանի կողմից։ Եվ, որ ամենակարևորն է՝ Ադրբեջանը պահանջում է այդ «միջանցքը» Հայաստանի հարավով՝ Իրանի հետ սահմանով՝ Մեղրի քաղաքի մոտով։ Խորհրդային շրջանում այստեղ գործում էին ավտոմոբիլային ճանապարհ և երկաթգիծ, որը կապում էր Խորհրդային Ադրբեջանը Խորհրդային Հայաստանին։ Խորհրդային Միության փլուզումից հետո այդ հաղորդակցուղիները անգործության էին մատնվել, թալանվել ու փակվել։ Այսինքն՝ Ադրբեջանը պահանջում է «միջանցք» միայն Իրանի սահմանով, միայն իր ցանկացած քարտեզով և ուղղությամբ ու առանց Հայաստանի վերահսկողության։ Ադրբեջանի, Հայաստանի ու տարածաշրջանային մնացած խաղացողների համար Իրանի հետ սահմանի կարևորության մասին կխոսենք ստորև։
Իր պահանջների կատարման ճանապարհին, փորձելով ստեղծել ապագա ագրեսիայի քարոզչական հիմք, գրեթե ամենշաբաթյա ռեժիմով Ալիևը ամեն պատեհ ու անպատեհ առիթով սկսեց խոսել «Արևմտյան Զանգեզուրի» (Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, Սևանա լիճ, Երևան) իբրև թե ադրբեջանական պատկանելության մասին՝ պնդելով, որ իրենք դարերով ապրել են այնտեղ և ապա վռնդվել։ Նպատակը պարզ է՝ ՀՀ տարածքների նկատմամբ ապագա ագրեսիայի լեգիտիմացում։ Նման հայտարարություններ արվեցին նաև 2020 թ. դեկտեմբերի 10-ին Բաքվում՝ Ադրբեջանի հաղթանակի զորահանդեսի ժամանակ, որին ներկա էր նաև Ադրբեջանի դաշնակիցը և 44-օրյա պատերազմի մյուս հովանավորը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նույնը, արդեն ավելի բացահայտ, Ալիևը հայտարարեց միջազգային հանրությանը Եվրոպայի քաղաքական սրտում՝ Բրյուսելում։ Բաքվի զորահանդեսից երկու շաբաթ անց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը հետևած մամլո ասուլիսի ժամանակ Ալիևը, կրկին խոսելով տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման, խաղաղ կարգավորման և հետպատերազմյան ժամանակաշրջանի մասին, հայտարարեց. «Այսօր Լաչինի միջանցքում մաքսակետ չկա, հետևաբար Զանգեզուրի միջանցքում էլ չպետք է լինի։ Եթե Հայաստանը պնդի իր մաքսային կառույցներն օգտագործել՝ բեռների և մարդկանց վերահսկման համար, ապա մենք նույնը կանենք Լաչինի միջանցքում։ Սա տրամաբանական է, և որոշումը պետք է կայացնի հայկական կողմը։ Երկու տարբերակին էլ համաձայն ենք՝ կա՛մ միջանցքներից ոչ մեկում մաքսատուրքեր չպետք է լինեն, կա՛մ երկու միջանցքներում էլ մաքսատուրքեր պետք է լինեն»:
Այս հայտարարություններում դե ֆակտո ամփոփվում են Ադրբեջանի քաղաքական ու տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ՝ համադրվելով Հայաստանի հանդեպ ռազմական բնույթի շարունակական սպառնալիքներով։ Ադրբեջանի հետագա բոլոր քայլերը՝ Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիան, սուվերեն տարածքների օկուպացիան, սահմանազատման և սահմանագծման պահանջը ուղղակիորեն բխում են «միջանցքի» օրակարգի սպասարկումից և միտված են ապագա խաղի համար ուժեղ խաղաթղթեր ստանալուն, որոնք հնարավոր կլինի սակարկել և փոխանակել Հայաստանի հետ։
Հայաստանի դիրքորոշումը
2021 թվականի հունվարին Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ ներկայացրեց Հայաստանի նկատմամբ՝ մայրաքաղաք Երևանը, Զանգեզուրը և Սևանը հայտարարելով Ադրբեջանի «պատմական հողերը»։ Դրանից հետո Ադրբեջանը սկսեց միկրոպատերազմներով հարկադրել Հայաստանին գնալ զիջումների, տալ «միջանցքը» և կատարել իր պահանջները։ Այսպես, 2021 թ. մայիսի 12-ին և նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված խմբավորումները ներխուժեցին Ադրբեջանի Քելբաջարի շրջանին սահմանամերձ Գեղարքունիքի մարզ և Վարդենիսի տարածաշրջան և Զանգելանի շրջանին սահմանամերձ Սյունիքի մարզի Սև լճի հատված՝ խորանալով մինչև 3 կմ և օկուպացնելով ռազմավարական կարևոր բարձունքներ։ Ագրեսիային հաջորդած ՀՀ անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանը հայտարարեց, որ մայիսի 12-ից թշնամին օկուպացրել է Հայաստանի 41 քառակուսի կմ ինքնիշխան տարածք։
Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է Հայաստանի համար։ «…Մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, որի մասին նշեցի մեր խոսակցության սկզբում, մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»,- հայտարարել է ՀՀ վարչապետը 2021 թ. հունիսի 14-ին Ալ Ջազիրային տված հարցազրույցում։
Բազմաթիվ պաշտոնյաների կողմից նմանօրինակ հայտարարություններ արվել են թե՛ ՀՀ խորհրդարանում, թե Կառավարության նիստերին և թե՛ այլ հարթակներում։ Սյունիքի մարզի սուվերենության ցանկացած խախտում և «միջանցքի» մասին ցանկացած խոսակցություն Հայաստանի համար անընդունելի են և սակարկման ենթակա չէ՝ ահա Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը։ Դրա փոխարեն Հայաստանը, ամենևին չընդդիմանալով նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող քայլերին, առաջարկում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի սեփական «մեկնաբանությունը»։
Այդ համատեքստում 2022 թ. օգոստոսի 18-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ դրեց մի նախագիծ, որով առաջարկվում էր անցակետեր տեղադրել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում` պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Նոր անցակետերը նախատեսվում են տեղադրել Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի մարզերում՝ հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ: Պարզ է, որ Ադրբեջանը չէր կարող համաձայնել Հայաստանի այդ առաջարկին, որտեղ Նախիջևանին կապող ճանապարհը պետք է վերահսկվեր Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից, և Ալիևը պետք է փորձեր պատերազմի միջոցով նոր իրավիճակ ստեղծել տարածաշրջանում։ Այդ համատեքստում էր այս տարվա սեպտեմբերի 13-14-ի միկրոպատերազմը, որի հետևանքով Ադրբեջանն օկուպացրեց ՀՀ տարածքի արևելյան սահմանի կարևոր ռազմավարական բարձունքներ, հասավ ընդհուպ առողջարանային Ջերմուկ քաղաքին և ուղիղ նշանառության տակ վերցրեց Սյունիքի մարզի խոշոր քաղաքները՝ Սիսիանը, Գորիսը, Կապանը։ Վերջին ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը կարողացավ մոտենալ Սյունիքի մարզը մյուս մարզերին կապող ամենանեղ հատվածներին (ուղիղ գծով՝ 30-40 կմ) և դամոկլյան սրի պես կախվել Սյունիքի մարզի վրա։
Տարածաշրջանային խաղացողներ. ովքեր են կողմ և դեմ «միջանցքին»
Ռուսաստան
Տարածաշրջանում հաղորդակցությունների բացման, ապաշրջափակման և «միջանցքի» առաջին շահառուն Ռուսաստանի Դաշնությունն է։ Հենց Ռուսաստանն է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երրորդ կողմը՝ մոդերատորը, հենց Ռուսաստանն է խոսում կոմունիկացիաների ապաշրջափակման և պայմանագրի կետերի կատարման մասին։ Հենց ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան է Անվտանգության խորհրդի նիստում (նվիրված Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիային) խոսել Սյունիքի մարզի և կոմունիկացիաների մասին։ Դա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությունում որոշակի և որևէ ՀՀ մարզ չի նշվում, այլ խոսվում է Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի մասին, առանց հստակեցումների։ Հենց Ռուսաստանն է, որ չի ճանաչում ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որպես պատճառ ներկայացնելով սահմանազատման և սահմանագծման բացակայությունը։ Դա այն պարագայում, երբ Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, չունեն դելիմիտացված և դեմարկացված սահմաններ, և դա չի խանգարում նրանց միմյանց հետ հաշտ ապրելուն։ Հենց Ռուսաստանն է, որ խոսում է այն մասին, որ թե՛ Ադրբեջանը և թե՛ Հայաստանը իր դաշնակիցներն են, և ինքը պետք է չեզոք լինի, բայց դե ֆակտո անընդհատ նշում է 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների կետերի կատարման մասին: Ավելին, Ռուսաստանը, վերահսկելով Ադրբեջանը Նախիջևանին կապող «միջանցքը», կվերահսկի թե՛ Հայաստանի ու Իրանի սահմանը, թե՛ Ադրբեջանը Թուրքիային կապող կարևոր ռազմավարական հանգույցը։ Այդ տեսանկյունից «միջանցքի» առաջնային ու ամենագլխավոր շահառուն Ռուսաստանն է։
Թուրքիա
Թուրքիան «միջանցքի» միջոցով կկարողանա անխոչընդոտ կապ հաստատել Ադրբեջանի հետ, քանի որ հիմա Ադրբեջան-Նախիջևան կապն իրականացվում է Իրանի տարածքով և վերահսկվում է Իրանի կողմից։ Թուրքիան նույնպես շահագրգռված է ապահովել Իրանի սահմանին իր ռազմաքաղաքական ներկայությունը։ Դրանով իսկ փորձելով խոչընդոտել Իրանի՝ Հայաստանի տարածքով գազի ու նավթի հնարավոր հետագա տարանցումը, հատկապես հաշվի առնելով ներկա փուլում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի սրված հարաբերությունները Իրանի հետ: Թուրքիան նաև նպատակներ ունի Կասպից ծովի միջոցով խորացնել տնտեսական ու քաղաքական կապերը Թուրքմենստանի և Ղազախստանի հետ, և Ադրբեջանն ու «Զանգեզուրի միջանցքը» կարևոր ռազմավարական նշանակություն ունեն Թուրքիայի համար։
Ադրբեջան
Ադրբեջանը «միջանցքի» միջոցով հույս ունի անարգել կապ ունենալ իր էքսկլավ Նախիջևանի հետ և շարունակել կառուցել իր նավթամուղներն ու գազամուղները դեպի Թուրքիա և այնտեղից՝ դեպի Արևելյան ու Հարավային Եվրոպա։ «Միջանցքի» միջոցով Ադրբեջանը նաև կձերբազատվի Իրանի «հոգածությունից», կունենա այլընտրանքային ճանապարհ ներկայիս Իրանի տարածքով գործող ճանապարհին, որը կլինի ավելի կարճ ու անվտանգ, և Հայաստանն էլ, ի տարբերություն Իրանի, կլինի ավելի «փափուկ»։ Հաշվի առնելով նաև Ռուսաստան-Իրան-Հնդկաստան Հյուսիս-հարավ և Արևելք-արևմուտք հաղորդակցուղիները, «միջանցքը» կարող է կարևոր հանգույց դառնալ նոր տնտեսական զարգացումներում։
Իրան
«Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանա-թուրքա-ռուսական նախագծի իրականացումը և հայ-իրանական սահմանի հնարավոր վերահսկումը չեն կարող չանհանգստացնել Իրանին։ Այդ դիտանկյունից Իրանը ամենաբարձր մակարդակով բազմիցս շեշտել է իր հարևան Հայաստանի սահմանների անձեռնմխելիության ու անփոփոխելիության մասին։ Իրանի գլխավոր հոգևոր առաջնորդ և երկրի փաստացի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին այդ մասին իր դեմ առ դեմ հանդիպումներում նաև հայտնել է թե՛ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ «Իրանը սատարում է Հայաստանի ինքնիշխանությունը իր բոլոր տարածքների և իր տարածքով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ»:
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ռիսկերը Իրանի համար ավելի քան մտահոգիչ են.
● Իրանը կկորցնի իր այլընտրանքային ճանապարհը Հայաստանով դեպի Եվրոպա և կախվածության մեջ կհայտնվի Ադրբեջանից ու Թուրքիայից, մինչդեռ Հայաստանը հուսալի է Իրանի համար։
● Իրանը կկորցնի իր տարանցիկ նշանակությունը Թուրքիայի և Ադրբեջանի համար և կզրկվի Ադրբեջանը Նախիջևանին կապող իր լոգիստիկ մենաշնորհից և, հետևաբար, այդ երկրների նկատմամբ իր ծանրակշիռ ազդեցության լծակներից։
● Իրանի հյուսիսում կձևավորվի հակաիրանական և պանթուրքական առանցք, որը չի լինի ո՛չ Հայաստանի, ո՛չ Իրանի ենթակայության ու կառավարման ներքո։
● Իրանի հյուսիսում ադրբեջանական էթնիկ տարրը թուրքական ծագում ունի և ենթակա է պոտենցիալ անջատողականության և հուզումների, հատկապես եթե երկրի հյուսիսում ուժեղանա թուրք-ադրբեջանական ներկայությունը։ Անհրաժեշտ է նշել նաև, որ Ադրբեջանը ռազմաքաղաքական չհայտարարված դաշինքի մեջ է Իրանի թշնամի Իսրայելի հետ։
Ինչ ունենք հիմա, և ինչ սպասել ապագայում
Ի մի բերելով վերոնշյալը կարող ենք եզրակացնել, որ տարածաշրջանի հիմնական խաղացողները, բացառությամբ Իրանի, կողմ են «միջանցքին»։ Իրանից և Հայաստանից բացի, մյուս բոլոր կողմերի համար շահավետ է «միջանցքի» բացումը։ Հայաստանը դե ֆակտո ստանում է իր տարածքով անցնող, սակայն իր կողմից որևէ կերպ չվերահսկվող կարևոր ռազմավարական ու տնտեսական զարկերակ, որը ցանկացած պահի կարող է օգտագործվել իր դեմ։ «Միջանցքը» կկտրի Իրանի հետ Հայաստանի սահմանը և դամոկլյան սրի պես կկախվի իր տարածքային ամբողջականության և սուվերենության վրա։ Այդ իսկ պատճառով Հայաստանը և այս հարցում նրա բնական դաշնակից Իրանը կտրականապես դեմ են «միջանցքին»։ Իսկ վերջին շրջանում նրանց է միացել նաև Թուրքիայի ու Ադրբեջանի դաշնակից Պակիստանի հակառակորդ Հնդկաստանը, որը նույնպես Երևանի ու Թեհրանի համար բնական դաշնակից է դարձել։ Եվրամիության և ԱՄՆ-ի դեպքում վիճակը մի քիչ բարդ է, նրանք առնվազն հայտարարությունների մակարդակում չեն խոսում «միջանցքից», սակայն շեշտում են խաղաղ կարգավորման, խաղաղության պայմանագրի կնքման և Հայաստան-Ադրբեջան ուղիղ բանակցությունների կարևորությունը։ Նրանք առավել հակված են այդ հարցը դիտարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների տիրույթում:
Արդյունքում՝ ներկա պահին Ադրբեջանը և նրա հովանավոր Թուրքիան չեն հրաժարվել «միջանցքից» և Հայաստանի նկատմամբ այլ տարածքային պահանջներից։ Նրանք անընդհատ սահմանային սրացումներով ու միկրոպատերազմներով գրավում են նորանոր բարձունքներ ու դիրքեր և այդպիսով փորձում հարկադրել Հայաստանին կատարել իրենց պահանջը։ Վիճակն այս պարագայում փակուղային է, փակուղային՝ Հայաստանի ու Ադրբեջանի համար, որտեղ կողմերից ոչ մեկը հետքայլ չի անում։ Իրավիճակը նախապատերազմական է. բոլոր շահագրգիռ կողմերն էլ հասկանում են, որ ամեն պահի կարող է նոր էսկալացիա լինել, նոր ներխուժում Հայաստանի տարածք, և Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ռազմական ուժով գրավել իր համար այդքան ցանկալի և իր հովանավորների կողմից երաշխավորված «միջանցքը»։ Իսկ Հայաստանն ամեն պահի պատրաստ է լինելու պատերազմի և ամեն գնով փորձելու է չզիջել «միջանցքը»։
On the eve of the unknown the Belarusian writer is playing with the past
20 December 2023Russia used the Karabakh conflict as a bargaining chip to advance its geopolitical interests
12 December 2023The history of Georgian post-constructivism
11 December 2023What is going on with the Moldovan Orthodox Church
4 December 2023Georgian “political Orthodoxy” and Russia
28 November 2023Can Belarusians critisise Western policies?
22 November 2023About the underestimated danger of division into “us” and “them”
20 November 2023The Karabakh conflict instigated multi-stage forced resettlement of Armenians
16 November 2023and you said: there is no history, there are histories
6 November 2023‘Majoritarianism’ and ‘juridification’ in the service of clan governance
31 October 2023Prominent political prisoners in Belarus have been completely cut off from any contact with the outside world for over six months
26 October 2023The History of Cooperation and Resistance
20 October 2023