11 September 2023Armenia

Պաշարված Լեռնային Ղարաբաղի ներսում

Սովի ստվերում մնացած պայքարը

by Arpi Bekaryn
© Har Toum


2022 թվականի դեկտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից՝ ռուս խաղաղապահների լռելյայն թողտվությամբ ու համաձայնությամբ։ Արդեն մի քանի ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի բնակիչները տառապում են սննդամթերքի և դեղորայքի խիստ պակասից։ Գազամատակարարումն ամբողջովին դադարեցվել է, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են։ Ի հեճուկս տարբեր երկրների ղեկավարների, միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ կոչերի՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են լիակատար շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը: Իրավիճակն այժմ հասել է կրիտիկական կետի՝ սովի և անհրաժեշտ բժշկական օգնության բացակայության պատճառով։

Ադրբեջանցի սահմանապահները թույլ չեն տալիս հայաստանից Լաչինի միջանցքով միջազգային հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ, իսկ ռուս խաղաղապահները կարծես չեն միջամտում, սակայն սեպտեմբերի 9-ին փորձեցին Ադրբեջանից ռուսական հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներ ուղարկել՝ անտեսելով Արցախի հայերի ընդվզումը Բաքվից օգնություն ստանալու առնչությամբ։

Լրագրող Արփի Բեքարյանը խոսել է շրջափակման մեջ գտնվող մարդկանց հետ՝ Ղարաբաղում տիրող ծանր կացության մասին։

Հայերեն   English   Deutsch   Русский


Նարիկո Կարապետյանն ամեն առավոտ արթնանում էր իր պատուհանի մոտի ծառերի վրա թռչունների ծլվլոցից։ Վերջին մի քանի ամիսներին, սակայն, մեկ այլ երաժշտություն եկավ փոխելու «զարթուցիչի» ձայնը։ Նա սկսեց արթնանալ թռչուններից էլ վաղ՝ ծառերի տակ երկար հերթում կանգնած մարդկանց ձայներից։ Անմիջապես Նարիկոյի պատուհանի տակ Ստեփանակերտի կաթի գործարանն է, որի աշխատանքներն սկսվում են առավոտ ծեգին։ Բայց մարդիկ ստիպված էին լինում շատ ավելի վաղ հերթ կանգնել, որպեսզի կարողանան տուն վերադառնալ մի շիշ կաթով։ «Հոգեբանորեն դժվար էր արթնանալ այդ աղմուկներից»,- ասում է Նարիկոն՝ չիմանալով, որ շուտով կաթի գործարանն էլ էր փակվելու է, նա կրկին արթնանալու է թռչունների ձայներից, բայց մի աշխարհում, որտեղ անգամ ամբողջ գիշեր հերթ կանգնելուց հետո հնարավոր չէ մի շիշ կաթ տուն տանել:

Ինն ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, փակ է։ Դեկտեմբերի 12-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչությունը, այդ թվում՝ 30.000 երեխա, հայտնվել է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ: Գարնանը դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը, քանի որ Ադրբեջանն արգելափակել է Հայաստանից Ղարաբաղ մտնող միակ գազատարը: Ընդհատվել է Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը, քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մտնող էլեկտրագծի վթարված հատվածը, սպառում են միայն տեղական էլեկտրաէներգիան, այն էլ՝ մի քանի ժամով: Վառելիքի սղության պատճառով չի գործում հասարական տրանսպորտը, իսկ հունիսի կեսերից անգամ մարդասիրական օգնություն մուտք չի գործել տարածաշրջան։

Ապրիլի վերջին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի վրա, անօրինական անցակետ տեղադրեց՝ թույլ տալով մարդկանց դուրս գալ կա՛մ անհետաձգելի բուժում ստանալու նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և կա՛մ ուսման նպատակով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ:

Սակայն այդ անցակետով անցնելը դեռ չի երաշխավորում, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կհայտնվեն Հայաստանում։ Անցակետի տեղակայումից հետո ադրբեջանցի սահմանապահներն առևանգել և կամայական ազատազրկել են Լեռնային Ղարաբաղի 4 բնակչի՝ Հայաստանում շտապ բուժօգնության կարիք ունեցող տարեց մի տղամարդու և ուսումը շարունակելու նպատակով Հայաստան մեկնող երեք հայ ուսանողների։ Վերջիններիս տասն օր անց ադրբեջանական կողմը վերադարձրել է։

Թեև որոշ դեպքերում ադրբեջանցի սահմանապահները թույլ են տալիս տեղի հայերին լքել շրջանը, բազմաթիվ ընտանիքներ շրջափակման պատճառով ամիսներ շարունակ մնում են բաժանված: Սահմանապահներն արգելում են Լեռնային Ղարաբաղ մուտքը՝ ողջ թե մահացած։ Օրինակ՝ Հայաստանում օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարից զոհված Լեռնային Ղարաբաղի բնակիչ 21-ամյա ուսանողուհի Հելեն Դադայանի ընտանիքը դեռևս չի կարողացել դստեր մարմինը իր ծննդավայր Ճարտարում հողին հանձնել: Հելենի աճյունն այսօր էլ դեռ Գորիսի դիահերձարանում է՝ սառցախցիկում։

Նարիկոն ասում է, որ հունիսի 15-ից հետո իրավիճակը հասել է կրիտիկական կետի, ապա մի վայրկյան կարկամում է. «Ասում եմ՝ կրիտիկական, բայց մտավախությամբ եմ ասում, որ ավելի կրիտիկական չդառնա»:

Առաջին բանը, ինչի մասին 38-ամյա կինը մտածում է առավոտյան արթնանալիս, այն է, թե ինչ պետք է պատրաստի երեխաների համար։ Նա ասում է, որ ամենադժվարն այն է, որ դա իրենից կախված չէ: «Մենք չգիտենք, թե որ խանութում ի՛նչ կարող ա լինել, ընդհանրապես կարո՞ղ ա մի բան լինել, թե՞ չէ, և կախված օրվա հանգամանքներից՝ էդպես էլ կազմակերպում ենք, հույս դնելով պաշարների վրա, որոնք արդեն աստիճանաբար սպառվում են»,- ասում է նա։

Եթե անգամ գնելու բան են գտնում՝ կես կիլոգրամ լոլիկ կամ մի ձմերուկ, գներն այնքան բարձր են, որ տարածաշրջանում, որտեղ գործազրկությունը գնալով աճում է, ընտանիքների մեծ մասը չի կարողանում իրեն թույլ տալ այդպիսի մեծ ծախսեր։ Նարիկոն և նրա ամուսինը պետական համակարգում են աշխատում։ Ասում է՝ բարեբախտաբար, աշխատանքը չեն կորցրել։ Բայց խոստովանում է, որ ներկա պայմաններում շատ դժվար է արդյունավետ աշխատել․ ապրում են մշտական անորոշության մեջ, ամեն օր վատ լուրեր են կարդում և փորձում են օրը վեց ժամ դասավորել՝ առանց էլեկտրաէներգիայի:

Եվ նույնիսկ նրանք, ովքեր դեռ աշխատանք ունեն, չնայած շոգին, ստիպված են ամեն օր ոտքով գնալ աշխատավայր, քանի որ ամբողջ տարածաշրջանում վառելիքի բացակայության պատճառով քաղաքում տրանսպորտը չի գործում: Առավոտյան Նարիկոն և ամուսինը 40 րոպե քայլում են դեպի աշխատավայր։ Ճաշի ընդմիջման ժամանակ ոտքով վերադառնում են տուն՝ երեխաների համար ինչ-որ բան պատրաստելու և միասին ուտելու, իսկ հետո նորից քայլում են նույն ճանապարհով՝ դեպի աշխատավայր:

Նարիկոյի երեխաները՝ 12-ամյա Մարին և 9-ամյա Լևոնը, երկուսն էլ բոլոր երեխաների նման քաղցրավենիքի և շոկոլադի սիրահար են, բայց մայրն ասում է՝ կամաց-կամաց հարմարվեցին դրանց բացակայությանը։ Սեպտեմբերին Մարիի ծնունդն է, և աղջնակը լավ հասկանում է, որ այս տարի իր ծննդյան օրը տորթ չի լինի։ Պաշարման 9 ամիսների ընթացքում երեխաների ցանկություններն ու առաջնահերթությունները փոխվել են. «Հիմա իրենց ուզածն էն ա, որ Ադրբեջանը չկրակի հունձ անող կոմբայնների ուղղությամբ, որ գոնե հաց ունենանք, ու գիշերը ստիպված չլինենք հերթ կանգնել, որ առավոտյան հաց ունենանք»,- ասում է Նարիկոն։

Նարիկոյի համար սա կարծես իր մանկության տարիների՝ 1990-ականների [Ղարաբաղյան առաջին պատերազմի] վատ դեժավյու լինի։ «Ես դեռ չեմ հարմարվել հոսանքի այս անջատումներին... Քանի որ իմ մանկության տարիներն էլ են մթի մեջ անցել, հիմա, երբ տունը սուզվում է մթության մեջ, շատ տհաճ զգացողություն է։ Երեկոյան պառկում ենք ու սպասում, որ լույսերը տան: Երբ լույսերը տանում են ու նորից միացնում, երեխաները սկսում են հետհաշվել վայրկյանները… Նրանք հուզվում են ամեն անգամ, երբ լույսերը տալիս են»:

When the electricity went off.When the electricity went off.© Nariko Karapetyan

Դեռևս 2022 թվականի դեկտեմբերին, երբ նոր էր սկսվել շրջափակումը, Գոգա Բաղդասարյանը, ինչպես և շատերը Լեռնային Ղարաբաղում, չէր մտածում, որ այն կարող է այսքան երկար տևել։ «Հենց առաջին օրվանից, երբ իմացանք, որ շրջափակում է, էդքան լուրջ չէինք ընդունում, մտածում էինք՝ մի քանի օրվա հարց ա, քանի որ մինչև էդ էլի ա եղել նման դեպք, երկու օր ա տևել։ Ընկերներով կատակներ էինք անում, թե ինչի՞ են բոլորը խանութները սենց արագ դատարկում, ի՞նչ պետք ա լինի։ Մենք ինքներս պաշար չէինք հավաքում, չէինք մտածում, որ կարող ա երկար տևել, ու սննդամթերքի սղություն առաջանա»,- ասում է Ստեփանակերտում բնակվող 30-ամյա օպերային երգիչը։

Գոգան հիշում է շրջափակման առաջին շաբաթներին օդում պտտվող խոսակցություններն ու ասեկոսեները՝ «ճանապարհը երկու օրից կբացվի», «երկուշաբթի կբացվի», «ամսվա առաջին օրը անպայման կբացվի» և այսպես շարունակ։ Բայց ժամանակն անցնում էր, իսկ ճանապարհն այդպես էլ չէր բացվում, փոխարենը՝ բացվելու խոսակցություններն աստիճանաբար սկսեցին մարել։

Գոգան շատ արագ իր վրա զգաց շրջափակման հետևանքները. շրջափակումից մի քանի շաբաթ անց Ստեփանակերտի բանջարեղենի խանութները գրեթե դատարկ էին. միրգ ու բանջարեղեն չէր մնացել։ «Ես ծնված օրվանից բուսակեր եմ եղել, դրա համար մի քիչ դժվար ա՝ ինձ ինչ-որ ձևով տրամադրեմ, որ պետք ա սկսեմ միս ուտել։ Դրա համար ես իմ վրա շատ եմ զգում [բուսական սննդի պակասը]: Ուտում եմ ինչ-որ բաներ, որ էստեղ են աճում, բայց էդ կոմպլեքսային սնուցում չի, ու օրգանիզմիս վրա զգում եմ վիտամինների պակասը»: Թեև արդեն ինն ամիս է՝ բանջարեղենի խանութները գրեթե կամ լրիվ դատարկ են, Գոգան դեռ չի սկսել միս ուտել: «Դեռ պայքարում եմ»,- ծիծաղում է։

Կան կոնկրետ մթերքներ, ինչպես, օրինակ, բանանը, որոնց մասին Լեռնային Ղարաբաղում արդեն կատակում են, թե մոռացել են անգամ դրա տեսքը։

«Մարդիկ հերթերում ուշաթափվում են,- ասում է Գոգան,- հենց հիմա ա հասել էդ պիկը, շրջափակման ամենալարվածն պահն ա»։

Morning queue in front of the bakery in Stepanakert.Morning queue in front of the bakery in Stepanakert.© Nariko Karapetyan

Օգոստոսի 15-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ահազանգեցին տարածաշրջանում սովամահության առաջին դեպքի մասին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ 40-ամյա տղամարդը մահացել է «քրոնիկ թերսնուցման» և «սպիտակուցաէներգետիկ անբավարարության» հետևանքով:

Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 40-ամյա տղամարդու մահվան համար մեղադրել է Ադրբեջանին՝ դա համարելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման «աղետալի հետևանքներից»։

Ըստ հաղորդագրության՝ շրջափակման աղետալի հետևանքները հանրային առողջության վրա «առաջնահերթ արտահայտվում են հասարակության խոցելի խմբերի՝ երեխաների, հղիների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների առողջական վիճակի վրա»։

Քանի որ արդեն 3 ամիս է, ինչ մարդասիրական որևէ օգնություն Լեռնային Ղարաբաղ չի մտել, վերջին շաբաթների ընթացքում շատ դեղատներ սկսել են փակվել։ Դրանցից մեկը Ստեփանակերտում Ազա Պետրոսյանի դեղատունն է, որը նա ստիպված եղավ փակել սեպտեմբերի 1-ին։ «Դեկտեմբերի 12-ին՝ շրջափակումից հետո, երկու շաբաթվա մեջ դեղատունը գրեթե լրիվ դատարկվեց, բայց դեկտեմբերի 27-ից Կարմիր խաչի միջոցով վերսկսեցինք ապրանք ստանալ, հարցը որոշակի լուծվեց, կանոնավոր՝ ամիսը 2-3 անգամ ապրանք էինք ստանում»,- հիշում է նա: Սակայն ավելի ուշ՝ հունիսի 15-ից սկսած, ցանկացած մարդասիրական օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ դադարեցվել է։ «Գրեթե ամեն օր էլ հուսահատված մայրիկներ մտնում էին ու հարցնում՝ արդյոք հույս չկա՞, որ կստանանք։ Ստանալով բացասական պատասխան՝ տխուր հեռանում էին։ Նույնն էլ տատիկների ու պապիկների պահով…»,- ասում է Ազան։

Չնայած հացի համար գիշերային հերթերին, առաջին անհրաժեշտության սննդամթերքի և դեղորայքի բացակայությանը, Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ասում են, որ չի կարելի հակամարտությունը իջեցնել «հումանիտար ճգնաժամի» մակարդակ։

«Տեսնում ենք, որ անգամ սենց սննդամթերքի բացակայության պայմաններում մարդիկ չեն համաձայնում Ակնայի ճանապարհով սնունդ ստանալ, ասում են՝ մենք կդիմանանք։ Ավելի շատ սուր ա դրված ազատության հարցը»,- ասում է Գոգա Բաղդասարյանը։ «Չի կարելի մարդուն անցակետում առևանգել, բայց ասել՝ «Մենք ձեզ Աղդամով սնունդ ենք տալիս»»։

Ադրբեջանի իշխանությունները որպես Լաչինի միջանցքի այլընտրանք առաջարկում են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ Ադրբեջանի տարածքով Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն հասցնելու համար։

Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը մերժել է Ակնայի ճանապարհով եկող օգնությունը՝ հայտարարելով, որ կընդունեն միայն Լաչինի միջանցքով Հայաստանից ուղարկվող մարդասիրական օգնությունը։

Հուլիսի 26-ին Հայաստանը առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքներով բեռնված բեռնատարների շարասյուն է ուղարկել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Մինչ օրս ավտոշարասյունը կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ Կոռնիձորի սահմանային հատվածում․ ադրբեջանցի սահմանապահները հրաժարվում են թույլ տալ մարդասիրական օգնությունը մուտք գործի Ղարաբաղ։

Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից տասը բեռնատարներից կազմված ևս մեկ շարասյուն ուղարկվեց՝ միանալով Հայաստանի և Ֆրանսիայի հատկացրած օգնությամբ մյուս բեռնատարների շարասյանը։ Ադրբեջանցի սահմանապահները, սակայն, արգելեցին նաև Ֆրանսիայի կողմից ուղարկված մարդասիրական շարասյան մուտքը և փորձեցին ուղարկել իրենց կողմից օգնություն՝ Ակնայի (Աղդամի) ճանապարհով՝ Ասկերան քաղաքով:

Ասկերանի հայերն ընդդեմ ադրբեջանական շարասյան ժամանման ցույց կազմակերպեցին՝ արգելափակելով Ասկերան-Ակնա ճանապարհը։ Ռուս խաղաղապահները իրենց անցակետի մոտ բետոնե արգելապատնեշներով և փշալարերով փակեցին ճանապարհը, որից այն կողմ Ասկերանի ոստիկանության անցակետն է: Շփման գծի երկու կողմերում վրաններ են տեղադրվել և շուրջօրյա հերթապահություն սահմանվել՝ ադրբեջանական Կարմիր մահիկի և տեղի հայերի կողմից։

«Եթե ինչ-որ մի կառավարություն էդ համակեցություն ասվածի ցանկություն ունի, չի կարելի ժողովրդին 9 ամիս տեռորի ենթարկել, հետո ասել՝ մենք պետք ա միասին ապրենք։ Եթե դու էդ նպատակն ունես, պետք ա նախապայմաններ ստեղծես»,- ասում է Գոգա Բաղդասարյանը։

Գոգայի աշխատանքը՝ որպես օպերային երգիչ, նույնպես տուժել է շրջափակումից։ Հունվարին նա նախատեսված ուղևորություն ուներ դեպի Իսպանիա, գարնանը՝ համերգ Երևանում, մայիսին՝ պրակտիկա Գերմանիայում։ «Այս կարգի բաները ձեզ ստիպում են խորապես ընկալել, որ սա մարդու հիմնարար իրավունքների, մարդու ազատության սահմանափակում է։ Եթե իմ դեպքում դա ազդել է իմ աշխատանքի վրա, մեկ ուրիշի դեպքում ազդել է նրա բուժման վրա: Ազատության բացակայությունը վատ է անդրադառնում բոլորի հոգեբանության վրա»:

Գոգան Ստեփանակերտում երեխաներին երգի դասեր է տալիս։ Ասում է, որ շատ երեխաներ գալիս են դասերի՝ որպես թերապիայի միջոց՝ ազատվելու մշտական սթրեսից։ Սա մի բան է, որ հոգեբաններն առաջարկել են երեխաներին։ «Բայց երեխաներից շատերը շրջաններից են և վառելիքի սղության պատճառով չեն կարողանում դասերին հասնել Ստեփանակերտ»,- ավելացնում է Գոգան։

Իրականությունից կտրվելու համար Գոգան ամեն օր սպորտով է զբաղվում, հեծանիվ քշում։ «Ես աշխատում եմ շարունակ զբաղված մնալ, որ շատ չմտածեմ»,- ծիծաղում է նա։

Մինչ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հնչում են նոր հայտարարություններ, քաղաքական որոշումներ են կայացվում, իշխանափոխություններ տեղի ունենում, և բանակցություններ ընթանում են փակ դռների հետևում, Գոգան ասում է, որ իրենք այնպիսի վիճակում են, որ այլևս ուշադրություն չեն դարձնում քաղաքական գործիչների ասածներին կամ պլաններին։ «Ինչ ուզում են՝ կարող են ստորագրել, փաստն էն է, որ մենք էստեղ ենք, ոչ մի տեղ չենք պատրաստվում հեռանալ, մենք պայքարում ենք (ԼՂ-ում մնալու իրավունքի համար), ամեն ինչ անում ենք, որ մնանք մեր հայրենիքում»։

Նարիկո Կարապետյանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղում ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ շրջափակումն այդքան երկար կտևեր, և ավելին՝ իրենց պայքարը կտեղափոխվեր «հացի խնդրի» դաշտ, իսկ Լեռնային Ղարաբաղը կդառնար «հումանիտար աղետի գոտի»։ «Միջազգային հանրությունը խոսում է խնդիրը հումանիտար աղետի տեսանկյունից լուծելու մասին, մինչդեռ հարցը վերաբերում ա միջազգային իրավունքին, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը, և մեր էս պայքարը, որն ի սկզբանե ինքնորոշման իրավունքի համար ա եղել, իջեցրել են հումանիտար խնդիրը լուծելու մակարդակին․․․ էնպես ա ստացվում, որ մենք սոված ենք, ու ուրիշ որևէ պահանջ չունենք։ Մինչդեռ մենք սոված ենք, որովհետև Ադրբեջանը սովահարությունը որպես զենք է օգտագործում՝ կազմակերպելու էս էթնիկ զտումը։ Մենք նույնիսկ սովահարությանն ենք դիմանում, որպեսզի ցույց տանք աշխարհին, թե ինչ արհավիրքի դեմ ենք ելել մեր կյանքի հաշվին»։

Նարիկոն ասում է, որ մինչև շրջափակումն ունեցած կյանքից կարոտում է ազատությունը, ազատ տեղաշարժը. «Ես ուզում եմ Հայաստանում մնացած իմ հարազատներին գրկել, ուզում եմ իմ ընկերներին տեսնել։ Երեխաները տատիկ-պապիկին են ուզում տեսնել»։ Այն միտքը, թե ինչ կաներ շրջափակումից հետո, թույլ է տալիս երազել այս պայմաններում։ Ասում է՝ կուզեր ճանապարհորդել, կրկին Պորտուգալիա գնալ։ Նարիկոն այնտեղ եղել է ընկերուհու հետ՝ մինչև քովիդը, մինչև պատերազմը։ Ասում է՝ պայմանավորվել են, երբ արգելափակումը վերացվի, նորից են գնալու։

«Երկու օր առաջ գործընկերոջս հետ խոսում էի, ասում էի՝ շատ հետաքրքիր կլինի՝ դրսից եկած մարդը նայի մեզ ընդհանուր, ինչ-որ մի ընդհանրություն կգտնի՞ բոլորիս մեջ, քանի որ մենք իրար մեջ չենք նկատում՝ ինչպես ենք փոխվել, ինչպիսին ենք հիմա: Սա կողքի հայացքով կարելի ա նկատել, որովհետև աստիճանաբար փոխվեցին մեր տրամադրությունները, ամեն փուլ մի նոր բան բերեց»,- ասում է նա։ — Հիմա չեմ կարող ասել, թե ինձ վրա ինչպես ա ազդում շրջափակումը, քանի որ ես ուժերի գերլարումով եմ ապրում։ Թե ինչպես ա ազդել շրջափակումը, արդեն հետագա կյանքը ցույց կտա»։

LATEST
Das Leben unterm TischBelarus
Das Leben unterm Tisch 

Im Angesicht der ungewissen Zukunft spielt eine belarussische Schriftstellerin mit der Vergangenheit

20 December 2023
Russlands MitschuldArmenia
Russlands Mitschuld 

Wie Russland im Spiel um seine eigenen geopolitischen Interessen den Berg-Karabach-Konflikt als Trumpf nutzte

12 December 2023