6 November 2023Armenia

երբ պատմությունները մնում են պատմության տակ

իսկ դու ասում էիր՝ չկա պատմություն, կան պատմություններ

by Lusine Kharatyan
© Har Toum


Տասնամյակներ շարունակվող հայ-ադրբեջանական հակամարտությունը (1990-ականների և 2020 թվականի ղարաբաղյան պատերազմներ), Արցախի` ամիսներ տևած շրջափակումը և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը ստիպեցին վերաիմաստավորելու Հայաստանում հիշողության փոխակերպվող քաղաքականությունը։ OSTWEST MONITORING-ում հրապարակվող այս էսսեում մշակութային մարդաբան, մի շարք գեղարվեստական գրքերի հեղինակ Լուսինե Խառատյանն անդրադառնում է հավաքական հիշողությանը և հուշարձաններին՝ պատմելով միլիոնավոր հայերի ցնցած ողբերգական իրադարձությունների մասին։ Լուսինե Խառատյանի գրականությունը յուրօրինակ մարդաբանական շրջադարձ է ժամանակակից հայ արձակում: Հեղինակը «ՓԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ»-ի ակտիվ անդամ է, 2021 և 2023 թվականներին դարձել է Եվրոպական միության գրական մրցանակի հավակնորդ: Այս տարվա Ֆրանկֆուրտի գրքի փառատոնի միջոցառումներից մեկը նվիրված էր Խառատյանի արձակին, մասնավորապես՝ նրա վերջին գրքին՝ «Սիրիավեպ»-ին:

Հայերեն   English   Deutsch   Русский


Լուսինեին, որը երեկ էր

#Ամերիկատեղ 21

Էլի էդ գիշերային ահազանգը: Ու ես՝ պիժամայի վրայից հապճեպ հագած ու փորիս վրա չկոճկած վերարկուով, բոբիկ ոտքերս՝ սապոգների մեջ: Թե էս ժամին ո՞վ ա ճաշ էփում: Հրշեջներն արագ գնում-գալիս են: Էս անգամ ոնց որ ծուխ էլ ա երևում: Սառել կուչ եմ էկել: Ձեռքերով էլ փորս եմ գրկել, որ չսառի: Դիմացս Աքրամն ա՝ ադրբեջանցի դասընկերս: Անդադար գնում-գալիս ա: Չստերով ա: Կարճ կուրտկան անփույթ հագած ու ձեռքին՝ պորտֆել: Փաստաթղթերը հավաքած մի տեղ ա պահում, որ հենց հապճեպ փախչելու կարիք լինի՝ էս ու էն կողմ չընկնի: Ծիծաղում ա: Ասում ա՝ մորից ա սովորությունը մնացել․ երբ Աղդամից փախել են, ոչինչ չեն հասցրել վերցնել: Ու հետո երկար տարիներ պրոբլեմ ա եղել: Երկրից չեն կարողացել դուրս գալ, ոչ մի թուղթ չեն ունեցել: Ու հիմա ինքը էս աշխարհակենտրոն Ամերիկայում, որտեղից մարդիկ չեն փախչում, գիտի, թե կարևորը որն ա: Կյանքում: Հատկապես փախչելու անհրաժեշտության դեպքում: Երևի իրա հայրենիքը փաստաթղթերով պորտֆելն ա [1]:

Արևոտ հոկտեմբեր, առավոտ։ Սայաթ-Նովայով կայտառ քայլում ես՝ գրեթե զինվորի նման։ Բայց ո՛չ տեղահանվածի։ Տեղից հանվածի։ Տեղը։ Անի Էռնոյի գիրքը։ Հոր մասին։ Տան մասին։ Որտեղ տեղը լեզուն է։ Իսկ Սայաթ-Նովան բազմալեզու էր։ Փարաջանովի մոտ էլ։ Բազմալեզու ու ճիշտ տեղում։ Բազմատեղ։ Լեզուն հանել կլինի՞ տեղից։ Հա՛, կլինի։ Էդպես պոկում ու դուրս են շպրտում։ Արմատախիլ անում։ Երբ հանում են բոլոր լեզվակիրներին։ Ու հետո ամեն օր այդ ուրիշ, հասկանալի, բայց այլևս չհասկացվող, անտեղի լեզվով հաղորդում են, թե «ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել ԼՂ տարածքում։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»։ Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է անտեղի լեզվով առաջադրանքներ իրականացնել մի տեղ, որտեղ տեղացիներն այլևս չկան։ Չկան այն մարդիկ, որոնց խաղաղությունը պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորակազմն իր լեզվով գործելու իրավունք էր ստացել։

Քեզ ճիշտ չեն հասկանա։ Չէին ասում, երբ դեռ նախաքառասունչորսօրյա տեղում ադրբեջանցի դասընկերոջդ մասին տեքստը հրապարակում էիր։ Բայց հետքառասունչորսօրյա տեղում սկսեցին ասել։ Չնայած կարծես նույն լեզվով էիք խոսում։ Դու և ասողները։ Լեզուն անունդ է տալիս։ Շրջվում ես։ Տարիքով գործընկերդ է։ Ո՞նց ես՝ հարցնում է։ Ո՞նց պիտի լինեմ։ Բոլորի նման։ Սովորական դարձած բառերի փոխանակում։ Հա, իսկ ես այսօր վերջապես ստեղծեցի այդ ամպիկը՝ ասում է հայ գործընկերդ։ Սկզբում չես հասկանում։ Բայց հետո լեզուն իրենն անում է․ գործընկերդ սիրում է թարգմանել ամեն բան։ Այքլաուդի մասին է։ Հա, շարունակում է գործընկերդ, ստեղծեցի, բոլոր փաստաթղթերս ներբեռնեցի․ ի՞նչ իմանաս, էլ ի՞նչ կգա գլխիդ, պետք է պատրաստ լինել, որ անհրաժեշտության դեպքում փաստաթղթերը մոտդ լինեն։ Գործընկերդ (այն)տեղից չի գալիս։ Նրա պապերն են (այն)տեղից գալիս․ 1920-ին, Շուշիից։ Ու նա լավ գիտի, թե կարևորը որն է։ Կյանքում։ Հատկապես փախչելու անհրաժեշտության դեպքում։ Երևի իր հայրենիքը ինչ-որ մի տեղ անծայրածիր ու անսահման վիրտուալ աշխարհում իր սահմանադրած ամպիկն է։ Իր տեղը։ Չէ՛, դու չպիտի ժամանակին սա գրած լինեիր Աղդամից տեղահանված ադրբեջանցի դասընկերոջդ մասին։ Հատկապես որ գրածդ նրա մասին չէր։ Դու հորինել էիր՝ տեղահանությունը հասկանալու համար։ Ուրիշի ցավը հասկանալու համար։ Հիշողությունը։ Կա՞ արդյոք այն։ Եվ եթե կա՝ ինչպե՞ս ու հատկապես որտե՞ղ է ապրում։

Չարենցի հուշակոթողի մոտ գործընկերոջդ հրաժեշտ ես տալիս։ Թեքվում ես ձախ՝ դեպի Ալեք Մանուկյան։ Ալեք Մանուկյանը Դեթրոյթից էր։ Մի տեղից, որտեղ Չաքմաքչյանի ձեռամբ քանդակած Կոմիտասի արձանն է։ Սև։ Ասում են, թե դեթրոյթցի սևերը նրան իրենց ազատագրական շարժման հերոսներից են համարում։ Չնայած պատվանդանին հստակ գրված է, որ Դեթրոյթի հայերն այն նվիրում են 1915 թ․ Ցեղասպանությանը կոտորված 1,5 միլիոն հայերի հիշատակին։ Էդպիսի բան է հիշողությունը․ եթե չկա նա, որին պատկանում է, որը կպատմի, այլ իմաստներ է ստանում, փոխակերպվում է։ Ալեք Մանուկյանն ինքն էլ ցեղասպանության հետևանքով էր Դեթրոյթում հայտնվել, որտեղ ստեղծել էր տաք և սառը ջրերի միաբռնակ ծորակը, և քանի որ Ամերիկայում գյուտը պաշտպանված է, այն արտոնագրել և դարձել էր միլիոնատեր։ Ու հիմա աշխարհի միլիոնավոր անկյուններում քանի-քանի մարդ է բարձրացնում ծորակը, լվացվում, ատամներն ու ճպուռները լվանում, երազը ջրին պատմում, որ ջուրը տանի, մոռացնի, ու չի էլ հիշում կամ չգիտի Ալեք Մանուկյանի մասին։ Ցեղասպանության մասին, որի հետևանքով Ալեք Մանուկյանը հայտնվել էր Դեթրոյթում, ստեղծել ջրի միաբռնակ ծորակը ու դարձել միլիոնատեր։ Իսկ եթե աշխարհի բոլոր հանրային վայրերի միաբռնակ ծորակների կողքին հուշատախտա՞կ լիներ, որի վրա գրված լիներ ծորակը ստեղծողի պատմությունը։ Այն լեզվով, որով խոսում է աշխարհը։ Կդառնա՞ր արդյոք Ցեղասպանությունը աշխարհի հիշողությունը, թե՞ ջրին կպատմեին՝ կգնար։

Komitas statue in DetroitKomitas statue in Detroit© Lusine Kharatyan

Ալեք Մանուկյանը փռված է ոտքերիդ տակ։ Ձախից Նեմեսիսն է։ Հուշարձան, որը կանգնեցվել է քառասունչորսօրյայից հետո։ Երևանի մաշկի մեջ խրված նորագույն հիշողությունը։ Օղակաձև զբոսայգում։ ԱԱԾ շենքի դիմաց իրեն քամուն տված ազատության երգիչ Նալբանդյանից և հայ-ռուսական բարեկամությունը գովերգող, եզդիների ու ասորիների ցեղասպանությունը հիշող հուշարձաններից մի խաչմերուկ այս կողմ։ Այո, ցարական ախրանկայի ձեռամբ բանտ նետված, լուսավորիչ ու լուսավորյալ Նալբանդյանը պիտի խրոխտ կանգներ Կա-Գե-Բե-ի շենքի դիմաց, ու էդ շենքը պիտի նրա մարմնից աճեր՝ Նալբանդյան փողոցում։ Այո, դու ոչ միայն քո ցեղասպանությունն ես հիշում, այլև եզդիներինը, ասորիներինը։ Ու փորձում ես մոռանալ ոխերիմ բարեկամին, որի հետ դարավոր բարեկամությանը նվիրված եսիմքանիտասնյակ անտաղանդ հուշարձան կա՝ մինչև վերջ մխրճված քաղաքի արնաշաղախ մարմնում։

Yezidi Genocide monumentYezidi Genocide monument
Assyrian Genocide monumentAssyrian Genocide monument© Lusine Kharatyan

Նախքան պատերազմն էին դիմել Երևանի քաղաքապետարան՝ Նեմեսիսի հուշարձանը կանգնեցնելու թույլտվության համար։ Ավագանին մտածում էր՝ արդյոք մի տեղ, որտեղ ցեղասպանությունը պատմող այդքան շատ հուշարձաններ կան, և կան նաև տարբեր տարիների հայ վրիժառուներին նվիրված հուշարձաններ, իմաստ ունե՞ր ևս մի հուշարձան կանգնեցնել։ Սակայն եղավ քառասունչորսօրյան, ու այլևս չկային բազմակի պատմություններ, կար պատմություն։ Հուշարձանը բացվեց, Թուրքիան «խոցվեց» և դադարեցրեց չվերթերը, կրկին փոխեց Հայաստանի հետ հաղորդակցվելու լեզուն։ Ինչպիսի՜ անարգանք Թուրքիայի հանդեպ, «ինչպե՞ս եք համարձակվում հիշել ահաբեկիչներին»։ Վիրավորում եք թրքությունը։ Կասեր Քեմալը։ Ուրեմն դուք վրեժ եք տենչում։ Նիկոլը փորձեց արդարանալ, թե «ժողովրդավարության թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարը ամեն ինչ չէ և բոլորին չէ, որ վերահսկում է։ Եվ եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում, և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»։ Բայց հիմա կա հուշարձանը։ Չարենցի հուշակոթողի ու Նալբանդյանի արձանի արանքում։

Nemesis monumentNemesis monument© Lusine Kharatyan

Ու չնայած Թեհլիրյանը Թալեաթին Բեռլինում ա վերացրել, ու հետո եղել ա դատավարություն, որտեղ նրան արդարացրել են 12 ատենակալներ, ու էդ դատավարությունն ա նաև Լեմկինի համար հիմք դարձել, որ տա Ցեղասպանության սահմանումը, այդ մասին այսօր գրեթե ոչ ոք չի հիշում։ Որովհետև պատմությունները միշտ մնում են պատմության տակ։ Ու էդ պատմությունը պատմվում ա ուժեղի լեզվով։ Պատմության դիրքից։ Ու էդ լեզուն իր կանոններն ա պարտադրում։

Հայերենում հուշարձանացման ու հիշողության լեզուն պարտադրողը ցեղասպանության հիշողությունն է։ Պատմելու մեն-մի կերպ, որի տակ մնում են բոլոր մյուս պատմությունները, որոնք չունեն իրենց սեփական լեզուն։ Այլընտրանքը պատմությունը պատմելու համախորհրդային լեզուն էր։ Ստեփանակերտի բռատսկի մագիլը մահը հիշելու, հուշարձանացնելու ուշագրավ տեղ էր։ Սկսվել էր Հայրենական պատերազմի դասական խորհրդային հուշարձանից, աճել, տարածվել Ղարաբաղյան պատերազմների մասնակիցների տապանաքարերով, ճյուղավորվել դեպի Սումգայիթի զոհերի, Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան։ «Հայոց Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին»։ Գրված էր 1988 թ․ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Երբ արհավիրք պատմելու միակ լեզուն Հայոց Մեծ Եղեռնի լեզուն է, երկրաշարժն էլ է ազգային դառնում։ Երկրաշարժն էլ է ազգայնացվում։

Earthquake monumentEarthquake monument© Lusine Kharatyan

Չէ՛, այդ ՄԵԾ-ը սղոցում է ականջդ։ Մի՞թե անլեզու էիր, ու իշխանության լեզուն դարձավ ցեղասպանությունը պատմելու լեզու։ Դո՛ւ, որ խոսում ես աշխարհի հնագույն լեզուներից մեկով, այդ լեզվով գրում հինգերորդ դարից։ Մի՞թե Ցեղասպանության խորհրդահայ լեզուն իր կաղապարը խորհրդային «Հոկտեմբերյան մեծ հեղափոխություն» կամ «Հայրենական մեծ պատերազմ» ու «Մեծ հաղթանակ» կաղապարներից է վերցրել։ Կամ գուցե «մեծ տեռորի՞ց»։ Կայի՞ն արդյոք արևմտահայերենում այդ կաղապարները։ Իշխանության լեզուն պարտադրող է։ Ձերբազատվել իշխանության լեզվից։ Որ լինեն բազմակի պատմություններ։ Որ լինեն բազմակի հիշողություններ։

Ինն ամիս տևած շրջափակմանը հաջորդած սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը կրկին թաղեց պատմությունները։ Կամ՝ պատմությունների հավանականությունը։ Խոր, շատ խոր թաղեց։ Կամ տեղահանեց։ Արհավիրքը պատմելու համար նոր լեզու ստեղծելու ո՛չ տեղ կա, ո՛չ ժամանակ: Հատկապես որ լեզուն ու պատմությունը լավ յուրացված են։ Ու հանրայինից զատ կա նաև անձնական, ընտանեկան հիշողություն։ Ու Արցախից Հայաստան ձգվող անձնական, ընտանեկան պատմությունները պատմվում են ցեղասպանության հանրային, հասկանալի, ընկալելի, տրորված, մայրուղային լեզվով ու կաղապարներով։

Iconography of the 2023 displacement of Artsakh ArmeniansIconography of the 2023 displacement of Artsakh Armenians© Collected from social media posts by Lusine Kharatyan

Իսկ դու ուզում ես, որ միաբռնակ ծորակի լեզուն լինի աշխարհի լեզուն։ Չէ՞ որ այն ստեղծվել էր, որ լվացվելուց հետո ձեռքերդ նորից չմանրէոտվեն։ Որ ձեռքով չփակես ծորակը, այլ ներքև հրես։ Սա է ընտրածդ պատմությունը։ Այս պատմությունը հակաբիոտիկների և ոչ թե ատոմային ռումբի պատմություն է։ Ու դու ուզում ես, որ Ալեք Մանուկյանի պատմությունը փակցվի աշխարհի բոլոր հանրային վայրերի՝ հյուրանոցների, թատրոնների, համերգասրահների, մարզադահլիճների, համալսարանների ու դպրոցների միաբռնակ ծորակների կողքին։ Որտեղ գրված կլինի․

Միաբռնակ ծորակ․ ստեղծել է Ալեք Մանուկյանը, որը 1915 թ․ մազապուրծ է եղել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունից և ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ։

Պատկերացնո՞ւմ ես, չէ՞, թե քանի մարդու հիշողության մեջ կմեխվի հայերի ցեղասպանությունը։ Աշխարհասփյուռ հուշարձան։ Ճիշտ և ճիշտ հայերի նման։ Բայց չէ՞ որ դու ուզում ես, որ միաբռնակ ծորակի լեզուն լինի աշխարհի լեզուն։ Որովհետև այն հակաբիոտիկների, ոչ թե ատոմային ռումբի լեզու է։

Ինչ-որ տեղ, մեկ այլ իրականությունում անտեղի լեզուն հաղորդում է․

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական ամփոփագիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին (2023 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ)

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղի տարածքում։ Պահպանվում է Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ հումանիտար իրավունքի նորմերի պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ [2]

Ու դու փաստաթղթերդ ջնջում ես այ-ամպից։ Մի պահ ոտքդ կախ ես գցում։ Ու նորից փաստաթղթերը ներբեռնում այնտեղ։ Լուսանկարներն էլ։ Ընտանիքի, սիրելիների, տան, տեղի ու կյանքի մասին։ Մարդ ես, ի՞նչ իմանաս, երբ ու որտեղ կհայտնվես։ Իսկ գուցե հավելյալ հիշողություն գնելու կարի՞ք լինի։ Որ տեղահանված հայրենիքդ ապրելու տեղ ունենա։


[1] Մեջբերումը «#Ամերիկատեղ հղի» կարճ պատմվածքից է, որը կարող եք գտնել հետևյալ հղմամբ

[2] Информационный бюллетень Министерства обороны Российской Федерации о деятельности российского миротворческого контингента в зоне нагорно-карабахского конфликта (на 23 октября 2023 г.)

Российским миротворческим контингентом продолжается выполнение задач на территории Карабаха. Поддерживается непрерывное взаимодействие с Баку, направленное на недопущение кровопролития, обеспечение безопасности и соблюдение норм гуманитарного права в отношении мирного населения.

Нарушений режима прекращения огня в зоне ответственности Российского миротворческого контингента не зафиксировано.

LATEST
Das Leben unterm TischBelarus
Das Leben unterm Tisch 

Im Angesicht der ungewissen Zukunft spielt eine belarussische Schriftstellerin mit der Vergangenheit

20 December 2023
Russlands MitschuldArmenia
Russlands Mitschuld 

Wie Russland im Spiel um seine eigenen geopolitischen Interessen den Berg-Karabach-Konflikt als Trumpf nutzte

12 December 2023