17 August 2023Armenia

Հեռացող քաղաքը

Երևանի ապամոնտաժված հիշողությունը և քաղաքի հեռանկարի անորոշությունը

by Arsen Abrahamyan
© Har Toum


Հայերեն   English   Deutsch   Русский


Քանդվող հարյուրամյակների փոշին կանգնել
է օդի մեջ և մշուշել մթնոլորտը։ Երբ նայում
ես այդ փոշու միջով, մարդիկ քեզ երևում են
հեռվի՜ց-հեռվի՜ց…

Մկրտիչ Արմեն «Երևան»


Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից քիչ հեռու գտնվող Ֆիրդուս թաղամասի աղյուսե շենքը 2023 թվականի հունիսի 3-ին քանդեցին։ Տեղում մնաց միայն երեք տարվա ակտիվիստների պայքարի մասին հիշեցնող՝ ասֆալտին արված «Հինը սիրուն ա» գրությունը՝ քարաբեկորների ու փոշու կույտի առջև։

Իհարկե քաղաքը հարափոփոխ ֆենոմեն է, որի փոփոխականությունն էլ հենց կենսունակության երաշխիքներից է։ Ինչպես բոլոր ժամանակակից քաղաքները, Երևանը նույնպես փոխվում է, բայց հաճախ՝ ցավոտ ու հուսահատ կերպով։ Վերջին հարյուրամյակում քաղաքը, ինքնությունը, հիշողությունը ասես հայտնվել են ոչնչացման, խմբագրման և վերաձևակերպման անվերջանալի շրջապտույտում։ Երևանի փոխակերպումները բազմազան են, երբեմն՝ կոնֆլիկտային ու ավերիչ։ Քաղաքային լանդշաֆտը շերտավորվում է անասելի արագությամբ, սակայն այդ շերտերն իրար հաջորդելու, իրար հղվելու և իրարից բխելու ահռելի խնդիր ունեն։ Եթե այս հարցը սահմանափակվեր միայն միջավայրի կերպարի և ճարտարպետական լեզվի սահմաններում, գուցեև կարիք չլիներ այն խնդրականացնելու։ Բայց չէ՞ որ քաղաքային լանդշաֆտի յուրաքանչյուր շերտը ամփոփում է գաղափարներ, մշակույթ և, ի վերջո, հիշողություն, որը սահմանում է անհատի և հանրության ինքնությունը։ Երևանը ոչ միայն բարդ տարածականության, այլև բազմաշերտ հանրության քաղաք է, որտեղ շարունակաբար ոչնչացվում են հիշողությունները, և, հետևաբար, ջնջվում են ինքնությունները։ Մենք նույնքան շերտավորված և կոնֆլիկտային ենք, որքան և մեր քաղաքը։ Մենք ասես սերում ենք տարբեր Երևաններից, միաժամանակ ապրում ենք տարբեր քաղաքներում, տարբեր ու երբեմն իրարամերժ են քաղաքի մասին մեր հիշողությունը, պատումը և տեսիլը։ Հիշողության և ինքնության պահպանման համար վերջին տարիներին ակտիվիստների կողմից պարբերաբար բողոքի ալիքներ են բարձրանում, և հատկապես հետպատերազմական զգայուն իրականությունում անհրաժեշտ է դառնում մոռացության չմատնել քաղաքի նկատմամբ իրավունքի համար մղվող պայքարը, վերանայել անցյալը և հասկանալ վերջին տարիների իրադարձությունները, որ մեզ կանգնեցրին քանդված աղյուսե շենքի և ասֆալտին արված գրության առջև։

Երևանի ցավոտ փոխակերպումների և հիշողության նկատմամբ կոպիտ միջամտությունների շուրջ դիսկուրսը հիմնականում սահմանափակվում է հետխորհրդային քաղաքի ժամանակագրական տիրույթում, իսկ խորհրդային քաղաքը երևակվում է իբրև այն նոստալգիկ և իդեալական անցյալը, որը մենք կորցրել ենք կամ որը մեզնից խլել են։ Քաղաքի ու ինքնության խմբագրումների համատեքստում, սակայն, անհրաժեշտ է ընդլայնել ժամանակագրական տիրույթը և սկսել նախախորհրդային Երևանի խմբագրումից և Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թ. մշակված Երևանի գլխավոր հատակագծից, քանի որ այդտեղ կարելի է գտնել ներկայի որոշ քաղաքաշինական խնդիրների և ճարտարապետական ժառանգության պահպանության մարտահրավերների հիմքերը՝ վերնակուլյար թաղամասերի վերակառուցումը, նախախորհրդային շրջանի բազմաթիվ ճարտարապետական կառույցների ոչնչացումը, Գետառ գետի հունի փոփոխությունը և մասնակի փակումը, Հրազդանի կիրճի դուրսմղումը քաղաքային տարածքի կենտրոնից և այլն։ Հաշվի առնելով, թե որքան հաճախ է շահարկվում Թամանյանի հեղինակությունը ներկա գործընթացները արդարացնելու համատեքստում, անհրաժեշտ է նախքան արդի իրողությունները քննարկելը վերանայել թամանյանական քաղաքի նարատիվը և հասկանալ, թե որքանով է այն արդիական քաղաքական, սոցիալական և մշակութային ներկա իրողությունների համատեքստում։ Խորհրդային Երևանը կառուցվեց նախ ազգային նարատիվի հենքով, հետագայում փոխակերպվեց խորհրդային գաղափարների լեգիտիմացման և խարսխման նպատակով, իսկ հետխորհրդային Երևանը բախվեց նոր իրողության, որտեղ քաղաքի մարմինը, քողարկվելով շքեղության շղարշով, պետք է ծառայեր տնտեսական շահին և բիզնես առաջնահերթություններին։ Հետխորհրդային քաղաքում եղել են բազմաթիվ վիճելի և խնդրահարույց գործընթացներ, որոնք ի ցույց են դնում քաղաքի ընթերցման և միջավայրի հետ հարաբերման արդի խնդիրները։

© Hayk Bianjyan

Անկախության շրջանում Երևանի թերևս առաջին և ամենից տրավմատիկ փոխակերպումը Հյուսիսային պողոտայի կառուցման գործընթացն էր և դրա դեմ ընդվզող ակտիվիստական պայքարը (2001-2007)։ Պողոտան ուրվագծվում էր դեռևս թամանյանական նախագծում և պետք է լրացներ քաղաքի՝ հյուսիսից հարավ ձգվող առանցքը՝ կապելով Հանրապետության հրապարակը և Օպերային թատրոնը։ Այդուհանդերձ, նախագիծը Ալեքսանդր Թամանյանի օրոք չհաջողվեց իրականացնել։ Քաղաքային իշխանությունները այս գաղափարն արթնացրին 1960-ականներին, իսկ 1980-ականներին նույնիսկ մի քանի մրցույթներ անցկացվեցին, սակայն ներկայացված նախագծերից ոչ մեկը կյանքի չկոչվեց։ Եվ ահա հետխորհրդային Հայաստանում՝ 2000-ականներին, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, շահարկելով Թամանյանի և թամանյանական նախագծի հեղինակությունը, ներկայացրեց պողոտայի կառուցապատման առաջարկ, որը երկու տարի անց ընդունվեց և սկսեց իրագործվել։ Նախագծի իրականացումը նշանակում էր վերացնել Երևանի պատմական միջուկի կարևոր մի շերտ, ինչպես նաև կոպտորեն խախտել տեղի բնակիչների սեփականության իրավունքը։ Կառավարության կողմից հաստատվեց «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը, որը գործիք էր տալիս մարդկանց զրկել սեփականությունից հանուն հանրության գերակա շահի ապահովման, սակայն օրենքում եղած բացերը հնարավորություն էին տալիս այն օգտագործել ըստ նպատակահարմարության։ Պողոտայի կառուցումը նաև քաղաքական դիվիդենտներ շահելու միջոց դարձավ՝ ներդրումային միջավայրի բարելավման և արագ տնտեսական աճի իմիտացիա ստեղծելով։

Հյուսիսային պողոտայի կառուցման դեմ քաղաքացիները սկսեցին ձևավորել պայքարի միջոցներ։ Հանրության ուշադրությունը խնդրին հրավիրելու համար ակտիվիստներն իրականացնում էին տարատեսակ միջոցառումներ՝ ստորագրահավաքներ, ցուցադրություններ և այլն։ Պայքարի ելած մարդիկ նաև փորձում էին տեղի բնակիչների համար իրավաբանական աջակցություն ապահովել, և այդ աշխատանքներն իրենց արդյունքը տվեցին․ բնակիչներից շատերը իրենց սեփականությունը հանձնելու դիմաց փոխհատուցում ստացան։ Մարդկանց մի մասը, սակայն, չէր ցանկանում որևէ պարագայում լքել իր տունը՝ ընդգծելով միջավայրի նշանակությունը՝ որպես իրենց ընտանիքի պատմության ու հիշողության կարևորագույն մաս։ Ցավոք, այս մարդկանց բռնի ուժով, հարկադրաբար տեղահանեցին և քանդեցին նրանց տները։ Սակայն ուժեղ դիմադրություն ցույց տալ չհաջողվեց, քանի որ Հայաստանի երրորդ հանրապետության ամենառեպրեսիվ շրջանն էր, և պողոտայի կառուցման որոշման թիկունքին կանգնած էր անձամբ ՀՀ երկրորդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը։

Հյուսիսային պողոտան անկախության շրջանի ամենախոշոր և ամենավիճահարույց նախագիծն էր, որտեղ հանուն շահույթի ոչնչացվեց Երևանի պատմական միջուկի կարևոր մի շերտ, և խախտվեցին բազմաթիվ բնակիչների իրավունքներ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հետագայում 9 վճիռ կայացրեց ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ պարտավորեցնելով փոխհատուցում վճարել տարածքի բնակիչներին, սակայն կատարվածի առնչությամբ որևէ պաշտոնյա կամ նախագծում ներգրավված որևէ անձ պատասխանատվության չենթարկվեց։ Պողոտան մնաց որպես հանրության մի շերտի համար անչափ տրավմատիկ իրադարձության մարմնացում, մարդկանց իրավունքների, ինքնության ու հիշողության ոտնահարման հուշարձան։ Այնուամենայնիվ, Հյուսիսային պողոտայի դեմ պայքարը հետագայում հիմք դարձավ նոր քաղաքային ակտիվիզմի, որը մերժում էր անկախ Հայաստանում կոռուպցիան, ջենտրիֆիկացիան և ավտորիտարիզմը։

Հյուսիսային պողոտայի գործընթացներին հաջորդեց «Հին Երևան» նախագիծը։ «Հին Երևանը» վերակառուցման ծրագիր է, որը ներկայացվել էր 2005 թ., իսկ ակտիվ շինարարությունը մեկնարկել է 2018 թ.։ Վերակառուցման աշխատանքներն ընթանում են Աբովյան-Բուզանդի-Արամի-Կողբացու փողոցներով պարփակված տարածքում: Ըստ նախագծի՝ տեղում պահպանվում են կանգուն 14 հուշարձան-շենք, և դրանց են ավելացվում ևս 7-ը, որոնք քանդել են վերջին տարիներին: Պատմական շենքերի վրա ավելացվում են երեք վերգետնյա և մեկ ձեղնահարկեր: Հայաստանի Հանրապետության Հուշարձանների պահպանության մասին օրենքը կարևորում է «հուշարձաններին պատմականորեն կապված տարածքի» դերը, սակայն նույնիսկ օրենսդրական կարգավորման առկայությունը չխոչընդոտեց «Հին Երևան» նախագծի իրականացմանը, որը, կարծես, նորմալիզացնում է գաղափարը, որ կարելի է տեղափոխել այդքան «խանգարող» ու «անհարմարություններ» պատճառող պատմամշակութային ժառանգությունը, պոկել դրանք իրենց պատմական միջավայրից, քանդել շենքերը՝ պահպանելով միայն դրանց ճակատը, վերածել դրանք մահադիմակների ու զարդարել դրանցով նոր կառուցվող ժամանցի գոտիներն ու բիզնես տարածքները։ «Հին Երևան» նախագիծը և ընդհանրապես ճարտարապետական հուշարձանների քանդումը և տեղափոխումը իշխանական նարատիվում և իշխանական օղակների հետ սերտորեն համագործակցող ճարտարապետական խմբերի կողմից գրեթե մշտապես արդարացվում և դրական լույսի ներքո են ներկայացվում։ Վերոնշյալ շրջանակներն իրենց իսկ նախաձեռնությամբ և թույլտվությամբ շենքերի քանդումը և ճարտարապետական ժառանգության ոչնչացումը ներկայացնում են իբրև տարերային, անխուսափելի մի բան, իսկ «Հին Երևան» նախագիծը ներկայացվում է իբրև ստեղծված իրավիճակից միակ ելք, որը «հնարավորություն է պահպանելու քանդվող շենքերը և Երևանի դիմագիծը»։ Այստեղ առաջ է գալիս այն հարցը, թե ումի՞ց են փրկում հին Երևանը, և այդ ո՞ր հանգամանքն ու աղետն են քանդել իրական հին Երևանը։

Հանրային գերակա շահի մասին վիճահարույց օրենքը՝ որպես արդեն իսկ կիրառելի գործիք, ճանապարհ հարթեց Երևանի բազմաթիվ պատմական շենքերի ոչնչացման կամ, լավագույն դեպքում, տեղափոխման համար դեպի «Հին Երևան» կոչված հանգրվանը։ Հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների ակումբի շենքը նույնպես արժանացավ քանդման ճակատագրին։ Շենքը կառուցվել էր 19-րդ դարում Աֆրիկյան եղբայրների կողմից՝ որպես քաղաքային ակումբ։ Խորհրդային շրջանում այն տրամադրվել է Ազգային անվտանգության ծառայությանը, իսկ հետագայում վերածվել է բնակելի շենքի։ Կառույցի քանդման և «Հին Երևան» նախագծում ներգրավման քննարկումները սկսվեցին 2009 թվականից։ Ըստ քաղաքային իշխանությունների՝ «կառույցը խոչընդոտում էր Երևանի Տերյան փողոցը և նույն փողոցի շարունակություն հանդիսացող Զաքյան փողոցը միացնել միմյանց․․․ «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը շուրջ 4.0 մետրով գտնվում է փողոցի երթևեկելի մասում՝ դրանով իսկ խախտելով կառուցապատման գիծը»։ Կրկին առաջ բերվեց հանրության գերակա շահի մասին օրենքը, որը ոչ թե նպաստեց կարևորագույն և անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացմանը, այլ նորից ծառայեց առանձին մարդկանց բիզնես շահին։

© Hayk Bianjyan

Աֆրիկյանների տան քանդման շուրջ քննարկումները ակտիվացան 2014 թ., դրան հարձագանք՝ համախմբվեցին բազմաթիվ մարդիկ, որոնք, արդեն առավել կատարելագործված պայքարի լեզվով, փորձում էին հանրության ուշադրությունը սևեռել խնդրին և ընդգծել կառույցի մշակութային ու ճարտարապետական արժեքը։ Աֆրիկյանների տանը կազմակերպվում էին համերգներ, փերֆորմանսներ և հանրային քննարկումներ։ Երբ սկսվեցին շենքի քանդման աշխատանքները, ակտիվիստները դիմեցին ավելի առարկայական քայլերի, օրինակ՝ ջնջելով քարերի ապամոնտաժման համար արված համարակալումը։ Ցավոք, 2014 թ․ Աֆրիկյանների տունը ապամոնտաժեցին՝ խոստանալով վերականգնել այն «Հին Երևանում»։ Քանդման աշխատանքների ղեկավարը, այդ տեղում նախատեսվող նոր շենքի և «Հին Երևան» նախագծի ճարտարապետը միևնույն անձն է՝ Լևոն Վարդանյանը։ Այս հանգամանքը հատկանշական է և ի ցույց է դնում ոլորտում առկա գործընթացների մոնոպոլիզացիան և վերահսկումը մարդկանց նեղ շրջանակի կողմից։

Երևանի պատմական շերտերի ոչնչացման հաջորդ մասշտաբային գործընթացը սկսվեց վերջին տարիներին, և այս անգամ ջենտրիֆիկացիայի ալիքը հասավ Երևանի 33-րդ կամ, ինչպես ընդունված է ասել ժողովրդական լեզվով, Ֆիրդուս թաղամասին։ Ֆիրդուս թաղամասի օտարումը սկսվել էր 2008 թ., սակայն թաղամասի ճակատագրի շուրջ քննարկումները մարում և վերսկսվում են միայն 2020 թ.։ Նախորդող գործընթացները հուշում էին քաղաքային միջավայրում հարյուրամյակների արդյունքում ձևավորված պատմական միջուկների հավանական ոչնչացման քաղաքական հեռանկարը։ Մերժելով պատմամշակութային շերտերի պահպանումն ու փոխանցումն ապահովող, դրանք նոր իրականացվող կառուցապատմանն ինտեգրելու գաղափարը՝ կրկին ընտրվեց տնտեսական շահի սպասարկմանը միտված քաղաքաշինական մարտավարություն։ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, կարծես, խոստանում էր սկիզբ դնել հետխորհրդային Հայաստանի զարգացման նոր փուլի և պետք է դառնար անցյալի ռեֆլեքսիայի և ապագայի տեսլականի վերանայման հնարավորություն։ Թեև հետհեղափոխական գործընթացները չեն իրականացվում ծավալուն կոռուպցիոն սխեմաների և բռնի ուժի կիրառմամբ, սակայն ընդհանուր առմամբ քաղաքային պլանավորման և պատմամշակութային ժառանգության պահպանության մարտավարությունը շարունակում է նույնը մնալ։ 2020-ին ակտիվացան Ֆիրդուսի շուրջ քննարկումները։ Հրաժարվելով հանրային մանրամասն ու հետևողական քննարկումից և նախագծի ստեղծման մրցութային ընթացակարգից՝ քաղաքային իշխանությունները ընդունեցին Նարեկ Սարգսյանի կողմից դեռևս 2015 թվականին առաջարկված կառուցապատման նախագիծը, որն ամբողջովին արտահայտում էր հեղափոխական հանրության կողմից մերժված քաղաքական և տնտեսական գաղափարները։ Նախագծի բովանդակությունը հանրային և մասնագիտական շրջանակներում խիստ անհամաձայնություն է առաջացնում։ 2020-ի հունիսին թաղամասում քանդում են 19-րդ դարի վերջով և 20-րդ դարի սկզբով թվագրվող մի շինություն, և այս իրադարձությունը սկիզբ է դնում բուռն քննարկումների և քաղաքացիական հասարակության կողմից ակտիվ հակազդեցության։

© Ani Sargsyan

Ֆիրդուսի համար պայքարը շահեկանորեն տարբերվում էր քաղաքային միջավայրի պաշտպանությանն ուղղված նախկին քաղաքացիական նախաձեռնություններից։ Շնորհիվ «Ֆիրդուս. տեղի հիշողությունը» հետազոտության՝ թաղամասի պաշտպանության համար պայքարը սահմանափակված չէր միայն մարդկանց սեփականության իրավունքի պաշտպանության և «սիրուն» պատմական շենքերը պահպանելու խոսույթի շրջանակներում։ Այս ուսումնասիրությունը ընդգծում էր վերնակուլյար թաղամասերի դերը մշակութային և սոցիալական հիշողության համատեքստում և ակտիվիստական պայքարին տալիս էր առավել հարուստ լեզու և ամուր հիմքեր։ Թաղամասի պաշտպանության համար պայքարող փորձագետները և ակտիվիստները հետագայում կազմակերպեցին Ֆիրդուսի վերակառուցման այլընտրանքային բաց մրցույթ՝ ի հակադրություն քաղաքային իշխանությունների կողմից հաստատված նախագծի։ Մրցույթի արդյունքներն ազդեցություն չունեցան վերակառուցման նախագծի վրա, բայց մրցույթը դարձավ կարևոր նախադեպ քաղաքի համար նշանակալի գործընթացները բաց մրցույթի և լայն հանրային քննարկման ճանապարհով իրականացնելու։

Ֆիրդուս թաղամասը հիմա քանդվում է, որոշ ժամանակ անց կտեղափոխվեն նաև այն եզակի ընտանիքները, որոնք չեն ցանկանում լքել իրենց տները, և տարիներ անց Երևանի պատմական լանդշաֆտի այս շերտը՝ իր յուրահատուկ տարածականությամբ, ուրբանիստական նշանակությամբ, սոցիալական և մշակութային հիշողությամբ ամբողջովին կորսված կլինի։

Մենք տեսնում ենք, որ քաղաքը շարունակում է փոխակերպվել հանուն գաղափարների և միտումների, որոնք հենված չեն հանրության կարիքների և խնդիրների վրա։ Դրանք պետական նարատիվներ են, իշխանական գաղափարների լեգիտիմացման և/կամ պարզապես գումար վաստակելուն միտված գործողություններ, և այս բոլորը դուրս են մղում հանրությանը։ Զուգահեռաբար նկատելի է ճարտարապետական և քաղաքաշինական շարունակական մտքի բացակայությունը, քաղաքին առնչվող որևէ գաղափար մինչև վերջ չի իրականացվում, յուրաքանչյուրը հաջորդում է նախորդին՝ անտեսելով անցյալը և մարդկանց, նրանց սոցիալական ու մշակութային հիշողությունը։

Արդի Երևանում շինարարությունը նոր թափ է առնում, և սա կարող է առաջ բերել մշակութային ժառանգության պաշտպանության նոր մարտահրավերներ։ Կետային գործընթացներին զուգահեռ՝ 2021 թվականին առաջ եկավ նաև Երևանի պատմական Կոնդ թաղամասի վերակառուցման հարցը, և քաղաքային իշխանությունները հայտարարեցին Կոնդի վերակառուցման հայեցակարգի բաց մրցույթ, իսկ 2023 թվականի հուլիսին քաղաքապետարանը հայտնեց, որ նախագիծն անցնում է գործնական փուլ։ Տեսնելով վերջին տասնամյակների ընթացքում Երևանում կատարվածը և հաշվի առնելով դրա նկատմամբ քաղաքային նոր իշխանությունների ընդվզման բացակայությունը՝ մենք չունենք որևէ երաշխիք, որ Երևանի պատմական շերտերը կրկին չեն հայտնվի քանդող մեքենայի թիրախում։ Քաղաքի նկատմամբ իրավունքների պաշտպանության հարցում հանրությունը կրկին մենակ է։

Չլուծված խնդիրներին և չձևակերպված սկզբունքներին ավելացավ Արցախյան երկրորդ պատերազմին հաջորդող ռազմականացումը և պատեց ողջ հանրային դիսկուրսը։ Պատերազմի տրավման և հետպատերազմական ամենօրյա մարտահրավերները դարձրել են հանրությանը ոչ զգայուն կյանքի այլ ասպեկտների նկատմամբ։ Առկա են գործընթացներ, որոնք դաշտում եղած դիսկուրսիվ աղմուկի պատճառով դուրս են մնում քննարկումից և հանրայնացումից։ Այս համատեքստում կարևոր է դառնում ընդգծել և հաստատել, որ պատերազմի տրավման և հետպատերազմական իրողությունները չեն կարող չեղարկել ներքին խնդիրների մասին քննարկումները և ընդվզումները։

Ի վերջո, դեռևս առկախված է մնում կարևորագույն հարցը՝ ո՞րն է Երևանի ապագան, ո՞ւր է գնում քաղաքը, ո՞վ է ուղեկցելու նրան։ Ո՞րն է Երևանի ապագայի տեսիլը, վտանգավոր չէ՞ արդյոք դրա ձևակերպված չլինելը։ Չի՞ հանգեցնի արդյոք սա նոր տրավմատիկ իրադարձությունների և կոպիտ փոխակերպումների։ Խոցելի չի՞ դարձնում արդյոք սա քաղաքի ու քաղաքացիների ապագան։

Անհետացած, քանդված, ապամոնտաժված Հյուսիսայինը, Ֆիրդուսը, Բուզանդը, Արամը, արդեն իսկ վտանգված Կոնդը կարծես արտացոլում են քաղաքի ու քաղաքացիների ապամոնտաժված հիշողությունը ու տեղի հետ խզված կապվածությունը: Երևանը հեռանում է, նրան բաց թողնել կնշանակի քաղաքը մատնել մոռացության և ինքնությունը դատապարտել անորոշության։

LATEST
Das Leben unterm TischBelarus
Das Leben unterm Tisch 

Im Angesicht der ungewissen Zukunft spielt eine belarussische Schriftstellerin mit der Vergangenheit

20 December 2023
Russlands MitschuldArmenia
Russlands Mitschuld 

Wie Russland im Spiel um seine eigenen geopolitischen Interessen den Berg-Karabach-Konflikt als Trumpf nutzte

12 December 2023