Жыццё пад сталом
Напярэдадні Невядомага беларуская пісьменніца гуляецца з Мінулым
20 December 2023«Եղի՛ր այստեղ՝ հիմա»։ Այդպես էր կոչվում 60-ականների հոգևոր գուրուներից մեկի, Հարվարդից հեռացված հոգեբանության նախկին պրոֆեսոր, Ռամ Դասի («աշխարհիկ» անունը՝ Ռիչարդ Ալփերթ) հայտնի գիրքը։ Թերևս հայ հասարակության մի զգալի մասի խնդիրն այսօր հենց դա է, որ մենք չենք կարողանում լինել այստեղ, հիմա։ Եթե ուզում ենք հասկանալ թե ինչ է կատարվում մեզ հետ, և որոնք են ելքերը, անհրաժեշտ է կենտրոնանալ ներկա իրավիճակի վրա, հասկանալ այդ իրավիճակը, ընդունել այն (ընդ որում «ընդունել» ամենևին պարտադիր չէ, որ նշանակի «հաշտվել»), և գործել՝ ելնելով այդ իրավիճակից։ Դա նաև նշանակում է՝ չփորձել թաքնվել իրականությունից, որքան էլ այն մեզ դուր չի գալիս։ Ընդ որում, պետք է հիշել, իրականության հետ առերեսվելու հրամայականից խուսափելու բազմաթիվ հնարքներ կան, որոնք մենք օգտագործում ենք գիտակցաբար կամ անգիտակցաբար։ Դրա օրինակներն այսօր շատ են հայ հասարակության մեջ՝ քաղաքական գործիչների կոչերում, փորձագետների և հասարակական կարծիքի առաջնորդների ելույթներում, սոցիալական ցանցերի գրառումներում։ Շատերը, կարծես, ամեն ինչ անում են, որ չնկատեն այն իրողությունները, որոնցում Հայաստանը և Արցախը հայտնվել են վերջին տարիներին։ Փորձում են փրկել այն առասպելները, կարծրատիպերը, պատկերացումները, որոնցով մենք ապրել ենք մի քանի տասնամյակ, որոնց ազդեցությամբ ձևավորվել է մեր արտաքին քաղաքականությունը և որոնց հետևանքով մենք հայտնվել ենք այն փորձությունների մեջ, որոնցով այսօր անցնում ենք։
Եվս մեկ անգամ այս ամենը տեսնելու առիթ եղավ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 կմ քառակուսի տարածքով, եթե Ադրբեջանը պատրաստ լինի ճանաչել Հայաստանը՝ 29800 կմ քառակուսի տարածքով։ Այս ելույթը հաջորդեց Բրյուսելի հանդիպումից հետո Շարլ Միշելի հայտարարությանը, որում ևս նման ձևակերպում կար։ Միշելի և Փաշինյանի հայտարարություններին հետևեց բուռն արձագանք հայկական սոցցանցերում և ԶԼՄ-ներում։ Անշուշտ, այդ արձագանքը կանխատեսելի էր։ Ի վերջո, երեք տասնամյակների ընթացքում ՀՀ որևէ ղեկավար նման հայտարարություն չէր արել։ Ճիշտ է, չէր արվել նաև հակառակ հայտարարություն․ Հայաստանի որևէ ղեկավար երբևիցե չի հայտարարել Արցախի անկախության ճանաչման մասին՝ ոչ դիվանագետի համբավ ունեցող Տեր-Պետրոսյանը, ո՛չ «վոին» համարվող Քոչարյանը, ո՛չ հայտնի շախմատասեր Սարգսյանը, ոչ էլ պոպուլիզմի մեջ մեղադրվող Փաշինյանը։ Ըստ էության, թե որն է ՀՀ դիրքորոշումը Արցախի կարգավիճակի հարցում պարզ չէր։ Այն կարելի էր մեկնաբանել ամենատարբեր ձևերով, և ՀՀ ղեկավարները օգտվում էին դրանից։ Դիվանագիտության մեջ դա կոչվում է կոնստրուկտիվ երկիմաստություն, 90-ականների Երևանյան փողոցային լեզվով դա կոչվում է «կռուտիտ»։
Իհարկե, մեծ հաշվով, Փաշինյանի հայտարարությունը նորություն չէր։ Արդեն 2022 թ․ գարնանից Փաշինյանը սկսել էր արտահայտել այդ միտքը, սակայն, պակաս հստակ և տարբերվող մեկնաբանություններ թույլ տվող ձևերով։ 2022 թ․ ապրիլին նա հայտարարեց, որ միջազգային հանրությունն առաջարկում է «իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը»։ Այդ ժամանակ ընդդիմությունը ցույց էր անում Երևանի փողոցում։ Ցույցերը տևեցին մի քանի ամիս և ոչնչի չհանգեցրեցին, բացի նրանից, որ ակնհայտ դարձավ, որ ընդդիմությունը չի կարող կամ չի ցանկանում վերցնել իշխանությունը։ Այնուհետև 2022 թ․ սեպտեմբերին, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումից մեկ օր անց, Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ պատրաստ կլիներ ստորագրել փաստաթուղթ Ադրբեջանի հետ, եթե այդ փաստաթուղթը երաշխավորեր Հայաստանի 29800 կմ տարածքի անձեռնմխելիությունը, ընդդիմությունը դարձյալ դուրս եկավ ցույցի։ Այս ցույցը զարմանալիորեն կայծակնային արագությամբ հավաքեց հազարավոր մարդկանց, բայց մի որոշ ժամանակ անց ցույցերը շատ արագ մարեցին։
Վերջապես, այս տարվա մայիսին, Բրյուսելի հայտարարության և Փաշինյանի վերջին ելույթների հետ միաժամանակ, Հայաստանի ներքին քաղաքական կյանքում դարձյալ որոշակի իրադարձություններ տեղի ունեցան։ Դրանցից էր Աշոտ Փաշինյանի առևանգման փորձը, որը կատարվեց զոհված զինվորների ընտանիքի անդամների մասնակցությամբ, և դրան հետևած ցույցերը, ինչպես նաև ցույցը Սյունիքի Կոռնիձորում, որին մասնակցում էր խորհրդարանական ընդդիմությունը։ Սակայն, այս անգամ ընդդիմության պայքարն ավարտվեց, գրեթե չսկսված։ Երբ Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց, նրա պաշտպանները դադարեցրին իրենց մասնակցությունն այդ գործին՝ հայտարարելով, որ “վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է” (չնայած, թվում է, թե, նման պայմաններում պետք է որ առավել մեծ եռանդով լծվեին իրենց գործին)։ Կոռնիձորի հանրահավաքը ևս շարունակություն չունեցավ։ Դրանով ընդդիմադիր քաղաքական ակտիվությունն, ըստ էության ավարտվեց։
Եվ այստեղ մի շատ կարևոր հարց է առաջանում։ Ինչպե՞ս եղավ, որ ընդդիմությունը չկարողացավ կամ չցանկացավ Ղարաբաղյան հարցն օգտագործելով իրական պայքար ծավալել իշխանության համար։ Չէ՞ որ, տասնամյակների ընթացքում համարվում էր, որ ղարաբաղյան հարցը Հայաստանի ներքին քաղաքական կյանքի բանալին է։ Ղարաբաղյան հարցի պատճառով քաղաքական գործիչները գալիս էին իշխանության, իսկ գործող ղեկավարները կորցնում էին իշխանությունը։ Այսպես, շատերը հիշում են, որ Հայաստանի խորհրդային ղեկավար Կարեն Դեմիրճյանը կորցրեց իշխանությունն այն բանից հետո, երբ հրապարակում հավաքված մարդկանց ասաց․ «Ղարաբաղը գրպանումս չէ, որ ես հանեմ ձեզ տամ»։ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության եկած ՀՀՇ-ն և անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը կորցրին իշխանությունը, երբ փորձեցին պաշտպանել հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակը։ Այն ժամանակ դա համարվեց գրեթե դավաճանություն, և Տեր-Պետրոսյանի սեփական թիմի «ուժային» հատվածը, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, ստիպեց նրան հրաժարական տալ։ Այս իրադարձությունների շնորհիվ իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը լավ սերտեցին դասը և Հայաստանի ներսում երբևիցե չէին խոսում ղարաբաղյան հարցում փոխզիջումների մասին, թեև դրսում բանակցում էին լուծման տարբերակներ, որոնք ենթադրում էին յոթ շրջանների հանձնում և չէին ենթադրում Արցախի անկախության ճանաչում։
Եվ ահա այժմ, Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, դեմ է գնում տարիներով ձևավորված ավանդույթին, և, մեծ հաշվով, որևէ բան տեղի չի ունենում։ Մենք տեսնում ենք շատ աղմուկ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում, վրդովվում են ամենատարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, քաղաքական գործիչներ, փորձագետներ, մտավորականներ, մի խոսքով, ինչպես կասեր ռուս գրող Եվգենի Շվարցը, «քաղաքի լավագույն մարդիկ»: Թվում է, թե սա իդեալական հնարավորություն էր ընդդիմության համար՝ դուրս գալ փողոց և տապալել «ազգակործան», «դավաճանական» և «պարտվողական» իշխանությանը։ Ինչպես գրում էր սոցիալական ցանցերում մի զայրացած օգտատեր, կրկնելով հեղափոխական շրջանի Փաշինյանի բառերը, «իշխանությունը փողոցում գցած է, մնում է գնալ և վերցնել այն»։ Բայց մեծ հաշվով, աղմուկից և նյարդային իրավիճակից բացի ոչինչ տեղի չի ունենում։ Ինչպես տեսանք, այս սցենարը 2022 թ․ գարնանից սկսած կրկնվում է առնվազն երրորդ անգամ։ Յուրաքանչյուր նման իրավիճակում ընդդիմությունը, փողոցում ընկած իշխանությունը վերցնելու փոխարեն, մեծ հաշվով, սահմանափակվում է նրանով, ինչ հետխորհրդային լեզվով անվանում են ИБД՝ բուռն գործունեության իմիտացիա։
Իհարկե, ոմանք կարող են փաստարկել, որ ընդդիմության առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այնքան հեղինակազրկված են, որ նրանց հետևից ոչ ոք չէր գնա։ Սրա մեջ կա ճշմարտություն։ Բայց նախ, չմոռանանք, որ 2021 թ․-ին նրանց հետևեց Հայաստանի ընտրողների մեկ քառորդը, որոնցից շատերը պատրաստ էին մոռանալ նախահեղափոխական անցյալը՝ հույս ունենալով, որ «ուժեղ առաջնորդները» ինչ-որ բեկում կմտցնեն հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համատեքստում։ Երկրորդ, եթե ընդունենք, որ «նախկինները» վերջնականապես հեղինակազրկվել են, չէ՞ որ սա հիանալի հնարավորություն էր նոր դեմքերի համար՝ իրենց մասին բարձրաձայն հայտարարելու։ Եթե խոսքը լիներ մեկ այլ հետխորհրդային երկրի մասին, կարելի էր ասել, որ նրանք ելք չունեն դեպի ԶԼՄ-ներ, բայց այս փաստարկը Հայաստանում արդեն վաղուց չի աշխատում։ Նախևառաջ, Հայաստանում հակաիշխանական ԶԼՄ-ների պակաս չկա, և նրանք մեծ հաճույքով եթեր են տրամադրում Փաշինյանի ընդդիմախոսներին։ Երկրորդ, այսօր Հայաստանում վաղուց արդեն տեղեկատվության հիմնական աղբյուրը ոչ թե հեռուստատեսությունն է, այլ համացանցը։ Եթե կասկածում եք, համացանցում փնտրեք «Վարդան Ղուկասյան» կամ «Դոգ» անունը։ Այնպես որ խնդիրն այլ է։
Եվ ուրեմն, ինչու՞ նախկին, ներկա և ապագա ընդդիմությունը չի օգտագործում Փաշինյանի հայտարարությունները նրան տապալելու համար։ Այս հարցը տալիս էին Փաշինյանից դժգոհ օգտատերերը սոցիալական ցանցերում և պատասխան չէին գտնում։ Ես ունեմ պատասխանի տարբերակ, բայց վախենում եմ, որ այդ պատասխանը նրանց դուր չի գա։ Իսկ պատասխանը նույնքան ակնհայտ է, որքան և շատերի համար դժվարամարս։ Բանն այն է, որ թե՛ քաղաքական էլիտաները, թե Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը, իրականում, շատ լավ հասկանում են մի կարևոր իրողություն։ Մեծ հաշվով, այն ուղին, որով այսօր գնում է Փաշինյանը, այլընտրանք չունի։ Կամ, ավելի ճիշտ, այլընտրանքներ կան, բայց դրանք ակնհայտորեն ավելի ռիսկային են, քան այն, ինչ այսօր արվում է։ Հետևաբար, ցանկացած առաջնորդ և քաղաքական թիմ, որն այսօր կհայտնվի Հայաստանի ղեկին ստիպված է լինելու անել մոտավորապես նույնը, ինչ անում են Փաշինյանը և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը։ Այո, կարող են լինել մարտավարության տարբերություններ։ Այո, այս կամ այն քաղաքական գործիչը կարող է ավելի լավ տիրապետել ռուսերենին կամ անգլերենին, ավելի մտերիմ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի կամ Արևմուտքի էլիտաների հետ, ավելի լավ կամ վատ հաղորդակցվել լրատվամիջոցների հետ, բայց մեծ հաշվով, արվելու է նույն բանը։ Կամ չի արվելու, և այդ դեպքում Հայաստանը հայտնվելու է նոր աղետների առջև։
Եվ այստեղ մենք հասնում ենք այն հարցի պատասխանին, թե ինչու՞ ընդդիմությունը ոչ միայն չի կարող, այլև չի ցանկանում զբաղեցնել Փաշինյանի տեղը։ Չէ՞ որ, եթե պատրաստվում ես Փաշինյանին տապալել, ազգային-հայրենասիրական քարտի խաղարկմամբ, ապա կանգնելու ես երկընտրանքի առջև։ Կամ իրականացնել քաղաքականություն, որը համապատասխանում է քո հռետորաբանությանը և երկիրը տանել կործանման, կամ փոխել քաղաքական կուրսը և անել այն, ինչ այսօր անում է Փաշինյանը։ Իհարկե, այդ դեպքում քեզնից երես կթեքեն հենց այն մարդիկ, ովքեր քեզ օգնել են, բայց դա չէ էականը։ Շատ ավելի կարևոր հանգամանք է, որ այն ճանապարհը, որով այսօր ստիպված է գնալ Փաշինյանի քաղաքական ուժը, լի է վտանգներով և ռիսկերով։ Ի՞նչու վերցնել նման պատասխանատվություն, երբ կարելի է սպասել, որ Փաշինյանն անի այն ամենն, ինչ անհրաժեշտ է անել այսօր, իր վրա վերցնի բոլոր քննադատությունները, ռիսկերն ու վտանգները։ Իսկ հետո, երբ անհրաժեշտ թղթերը ստորագրված լինեն, կարելի է վերադառնալ քաղաքական դաշտ և կրկին փորձել վերցնել իշխանությունը։
Իսկ ո՞րն է այդ ճանապարհը, որով պետք է այսօր գնա Հայաստանի ցանկացած ղեկավար, և ինչու այն այլընտրանք չունի։ Այդ հարցի պատասխանը իրականում շատ պարզ է, եթե մենք կարողանանք մի փոքր zoom out անել մեր ամենօրյա վեճերից և տեսնել մեծ պատկերը։ Իսկ մեծ պատկերը հետևյալն է։ Փորձենք այն ներկայացնել հնարավորինս պարզ, հակիրճ և առանց մանրամասների մեջ խորանալու։ Եվ ամենակարևորը, հետևելով Ռամ Դասի խորհրդին, փորձենք կենտրոնանալ ներկայի վրա՝ առանց քննարկելու, թե ինչու այդպես եղավ, ով է մեղավոր, կարելի էր արդյոք խուսափել այս ամենից, և այլն (եթե այսօր ճիշտ քայլեր կատարենք, այս ամենի մասին խոսելու ժամանակ դեռ կունենանք):
Եվ ուրեմն, փորձենք հնարավորինս պարզ ներկայացնել իրավիճակը։ Հայաստանն ունի կոնֆլիկտ Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը Հայաստանից մեծ է տարածքով, բնակչությամբ, ռեսուրսներով և ամենակարևորը, ունի հզոր դաշնակից՝ Թուրքիա։ Նախկինում Թուրքիայի գործոնը հավասարակշռվում էր Ռուսաստանի գործոնով, որը համարվում էր Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Բայց, այսօր Ռուսաստանը չի ուզում կամ չի կարող կատարել այդ գործառույթը։ Ավելին, Ռուսաստանն անգամ ի վիճակի չէ զենք մատակարարել Հայաստնանին, իսկ միջազգային հարաբերություններում Ռուսաստանը գնալով ավելի տոքսիկ է դառնում։ Արցախում ռուսաստանցի խաղաղապահներն ակնհայտորեն չեն ուզում կամ չեն կարող դիմադրել Ադրբեջանի քայլերին, իսկ նրանց հետագա ներկայությունը Արցախում հարցականի տակ է։
Ո՞վ կարող է փոխարինել Ռուսաստանին։ Արևմուտքը, կարծես, պատրաստ է որոշ չափով իր վրա վերցնել Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթը, սակայն, այն պայմանով, որ մենք պետք է լեզու գտնենք և խաղաղություն կնքենք մեր հարևանների հետ։ Առայժմ այնքան էլ պարզ չէ, թե որքան հեռու է Արևմուտքը պատրաստ գնալ այդ հարցում։ Կա տպավորություն, որ Արևմուտքը պատրաստ է դառնալ խաղաղության երաշխավորը, անգամ, պատրաստ է որոշ հարցերում քաղաքական ճնշում բանեցնել մեր հարևանների վրա, որ նրանք չափազանց շատ բան չպահանջեն, մասնավորապես Հայաստանի սահմանների և այսպես կոչված «միջանցքի» հարցերում։ Առավել լավատեսական սցենարի դեպքում, Արևմուտքը կարող է նպաստել նրան, որ Արցախում էթնիկ զտում տեղի չունենա, թեև դրա մեխանիզմները առայժմ հստակ չեն։ Իրանը ևս պատրաստ է օգնել մեզ որոշ հարցերում, մասնավորապես Սյունիքի անվտանգության հարցում։ Բայց դրանով Արևմուտքի և Իրանի աջակցությունն ավարտվում է՝ անգամ ամենալավատեսական սցենարի դեպքում։ Պարզ ասած, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը, ո՛չ Իրանը, ոչ էլ որևէ այլ միջազգային խաղացող, պատրաստ չեն լինել մեր դաշնակիցը Ադրբեջանի և Թուրքիայի դեմ կենաց ու մահվան պայքարում, առավել ևս պատրաստ չեն աջակցել Արցախի անկախությանը։
Հանուն արդարության պետք է ասել, որ ռիսկերից, վտանգներից, և ցավոտ զիջումների անհրաժեշտությունից բացի, այս իրավիճակը պարունակում է նաև հնարավորություններ։ Առայժմ ներհայաստանյան խոսակցությունը կենտրոնանում է իրավիճակի ռիսկերի և վտանգների վրա։ Եվ եթե ընդդիմության դեպքում դա ինչ-որ տեղ տրամաբանական է, ապա այն, որ նույն խոսույթի շրջանակներում են մնում նաև Փաշինյանը և նրա թիմը, թերևս ոչ արդյունավետ կոմունիկացիայի արդյունք է։ Ինչևէ, քանի դեռ Հայաստանին հաջողվում է խուսափել նոր պատերազմից և չեզոքություն պահպանել ՈՒկրաինայի պատերազմի համատեքստում, մեր առջև բացվում են նոր հնարավորություններ։ Այսպիսով, 2022 թ-ին Հայաստանն ունեցավ ոչ միայն աննախադեպ տնտեսական աճ, այլև աննախադեպ ներգաղթ, որի բացած հնարավորությունները մենք դեռևս լիարժեք չենք գիտակցում։ Եվ, թերևս, ամենակարևոր հնարավորությունը, որը, կարծես թե, բացվում է Հայաստանի առջև՝ դուրս գալ Ռուսաստանից նեոգաղութային կախվածությունից և դառնալ իրապես շատ թե քիչ անկախ և ինքնիշխան երկիր։
Եվ ես դեռ չեմ խոսում, այն բոլոր հնարավորությունների մասին, որոնք կբացվեն, եթե Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները պատերազմի՝ երբեմն հիբրիդային, երբեմն «տաք» պատերազմի ձևաչափից տեղափոխվեն գոնե «սառը խաղաղության» ձևաչափի։ Մենք այնքան վաղուց ենք ապրում «տաք» կամ «սառը» պատերազմի պայմաններում, որ արդեն չենք էլ հավատում, որ իրական խաղաղությունը հնարավոր է, և, գուցե, ճիշտ ենք անում։ Բայց եկեք նաև չմոռանանք, որ աշխարհը և մեր տարածաշրջանը փոխվում են, և այդ փոփոխությունները կարող են ազդել նաև մեր երկրների վրա, և, «սառը», երբեմն էլ տաք, պատերազմը գուցե և փոխարինվի գոնե «սառը» խաղաղությամբ։ Իհարկե, ավելիի մասին այսօր խոսելը դվժար է, անգամ ամենալավատեսական սցենարի պարագայում, բայց անգամ այդպիսի դժկամ և դրսից պարտադրված խաղաղությունը տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ կբացի։ Եվ խոսքը ոչ միայն բաց ճանապարհների, առևտրի, ներդրումների մասին է, այլև սոցիալական և՝ մշակութային զարգացման նոր հորիզոնների։
Եվ ահա, այս իրավիճակում, հաշվի առնելով բոլոր ռիսկերը և հնարավորությունները, ինչ կարող է և ինչ չի կարող անել Հայաստանը։ Մեծ հաշվով կա երեք ճանապարհ՝ գնալ նոր առճակատման, փորձել սառեցնել իրավիճակը, և փորձել կարգավորել կոնֆլիկտը։ Սկսենք առավել ակնհայտից։ Միանգամայն պարզ է, որ պետք է խուսափել լայնածավալ ռազմական բախումներից, քանի որ ուժային ներկա բալանսի պայմաններում կարող են իրականացվել խիստ բացասական սցենարներ, այդ թվում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի նոր հատվածների օկուպացիա և Արցախում մնացած հայ բնակչության էթնիկ զտում ռազմական ճանապարհով։ Իհարկե, կարող է լինել իրավիճակ, որում պատերազմը կարող է դառնալ անխուսափելի, և այդ սցենարին ևս պետք է պատրաստ լինել, բայց, կարծում եմ, ակնհայտ է, որ սա ամենավտանգավոր սցենարն է։ Եվ ցանկացած քայլ, որը մեծացնում է պատերազմի հավանականությունը, օրինակ, խիստ հռետորաբանությունը, որքան էլ այն կարող է դուր գալ Հայաստանի բնակչության մի մասին, մեղմ ասած, հակաարդյունավետ է։ Բացի այդ, անգամ պատերազմի սցենարի պարագայում, պատերազմը կանգնեցնելու հարցում միջազգային հանրության աջակցությունն ավելի հավանական կլինի, եթե բոլոր կողմերին ակնհայտ լինի, որ պատերազմի նախաձեռնողը Հայաստանը չէ։ Թվում է, թե այս ամենը պարզ ճշմարտություններ են, բայց ամեն անգամ, երբ Ալիևը նոր սադրանքի է դիմում, Հայաստանում լսվում են ձայներ, որոնք ասում են «ահա Փաշինյանի խաղաղության օրակարգի հետևանքները»։
Մյուս ճանապարհն է կոնֆլիկտի սառեցումը։ Տեսականորեն, այս մոտեցման մեջ կա որոշակի տրամաբանություն։ Ըստ դրա, քանի որ այսօր կա ուժերի մեծ անհավասարակշռություն, ապա ցանկացած լուծում այսօր կլինի ոչ արդարացի և ավելի մեծ չափով կարտացոլի Ադրբեջանի շահերը։ Տեսականորեն կարելի է ենթադրել, որ իրավիճակը կարող է փոխվել, և եթե մեզ հաջողվի սառեցնել կոնֆլիկտն այսօր, ապա երկու, հինգ, տասը տարի անց, հարցի լուծումն ավելի արդարացի և հավասրակշռված կլինի։ Բայց հարց է առաջանում․ իսկ ի՞նչ անել եթե իրավիճակը շարունակի փոխվել ոչ մեզ համար նպաստավոր ուղղությամբ։ Նախ, դժվար է չնկատել, որ անցյալում կոնֆլիկտը սառեցնելու Հայաստանի փորձերը բերել են նրան, որ Ադրբեջանի դիրքերը ուժեղացել են, իսկ մերն ավելի թուլացել։ Երկրորդ, շատ թե քիչ նպաստավոր պայմաններով կոնֆլիկտը սառեցնելու ռեսուրս մենք այսօր չունենք։ Իրավիճակը սառեցնելը կնշանակի ապավինել Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն այսօր ճգնաժամի մեջ է և պատրաստ չէ անգամ իրավիճակի սառեցման երաշխավոր լինել (ինչը գրեթե պաշտոնապես արձանագրվեց 2022 թ․ աշնանը Սոչիի հանդիպման արդյունքում)։ Կոնֆլիկտի սառեցման առավել հավանական տարբերակը ենթադրում է, որ Արցախի էթնիկ զտումն ընդամենը հետաձգվում է, կամ իրականացվում է ավելի դանդաղ և ավելի «փափուկ» ձևերով, ռուսաստանցի խաղաղապահների հետ համաձայնեցված, առանց ավելորդ աղմուկի և դաժանությունների, ինչն, ի վերջո, ավելի ձեռնտու է Ալիևին։ Թե ինչպես, մենք արդեն տեսել ենք՝ Խծաբերդից մինչև Փարուխ և Լաչինի միջանցքի անցակետ։ Իհարկե, ի վերջո, իրավիճակը կարող է այնպես զարգանալ, որ կոնֆլիկտը սառեցվի, և գուցե դա չի լինի վատագույն տարբերակը Հայաստանի և Արցախի համար։ Բայց այսօր դրա վրա հույս դնելը և հաշվարկը դրա վրա կառուցելը կարող է լինել բավականին վտանգավոր մոտեցում։
Եվ ուրեմն ի՞նչ է մնում անել Հայաստանին։ Աշխատել կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ, դնելով շատ թե քիչ իրատեսական նպատակներ․
● Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովում, Հայաստանի օկուպացված տարածքների ազատում։
● Հայաստանի իրական անկախության և ինքնիշխանության հաստատում, Ռուսաստանից նեոգաղութային կախվածության հաղթահարում։
● Միջազգային անվտանգության երաշխիքներ, ցանկալի է, Հայաստանի ընդգրկում միջազգային անվտանգային և քաղաքական կառույցների կազմում, որոնք անհնարին կդարձնեն Թուրքիայի և Ադրբեջանի նոր հարձակումը երկարաժամկետ կտրվածքով։
● Պետական ինստիտուտների բարեփոխում, մասնավորապես ինքնուրույն և արդյունավետ անվտանգային ինստիտուտների ստեղծում (ինչը փոխկապակցված է նախորդ երկու նպատակների իրականացման հետ)։
● Հայաբնակ Արցախի պահպանում, դե ֆակտո այնպիսի կարգավիճակի սահմանում, որը թույլ կտա հայերին ապրել Արցախում, առանց անվտանգության սպառնալիքների և ազատության սահմանափակումների։
Այս նպատակներին հասնելու ճանապարհները շատ թե քիչ ակնհայտ են, թեև շատ բարդ։ Նախևառաջ, պետք է շարունակել երկխոսությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որի հիմքում Հայաստանը պետք է դնի արդարացի և կայուն խաղաղության հասնելու անհրաժեշտությունը՝ հիմնված միջազգային իրավունքի և մարդու իրավունքների վրա։ Թուրքիայի և Ադրբեջանի սադրիչ հայտարարություններին և սպառնալիքներին պետք է հակադրել ոչ թե նույնատիպ հռետորաբանություն, այլ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված խոսույթ, որը խուսափում է ուժի և բռնության լեզվից, հիմնվում է մարդու իրավունքների և խաղաղության արժեքների վրա։ Սա ոչ միայն հասկանալի կլինի միջազգային հանրության համար, այլև ինչ-որ չափով Ադրբեջանին և Թուրքիային կզրկի նոր պատերազմ կամ այլ թշնամական գործողություններ ձեռնարկելու համար առիթներից։
Եթե խաղաղության շուրջ երկխոսության պատրաստակամությունը արձագանք գտնի Ադրբեջանում և Թուրքիայում, դա կարող է կարգավորման և խաղաղության հիմք դառնալ։ Իհարկե, հաշվի առնելով Էրդողանի և Ալիևի ռեժիմների բնույթը միանգամայն հնարավոր է, որ դա տեղի չունենա։ Սակայն, նախ պետք չէ թերագնահատել խաղաղության խոսույթի ազդեցությունը հարևանների հասարակությունների վրա, հատկապես եթե այդ ուղղությամբ աշխատեն նաև միջնորդները։ Երկրորդ, անգամ, եթե Էրդողանը և Ալիևը շարունակեն Հայաստանին դիտարկել որպես թշնամի, այդ պարագայում էլ խաղության և երկխոսության խոսույթը օգտակար է։ Այն կծառայի մի քանի նպատակների՝ պահպանել բանակցային գործընթացը, առիթ չտալ Ալիևի վարչակարգին նոր պատերազմ սանձազերծելու և ցույց տալ միջազգային հանրությանը, որ Հայաստանը ձգտում է խաղաղության։ Իհարկե, այդ երկխոսությունը, և անգամ որևէ փաստաթղթի ստորագրումը խաղաղության հարյուր տոկոսանոց երաշխիք չեն։ Բայց, ամեն դեպքում Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկխոսությունը նվազեցնում է բռնության, նոր միջադեպերի և պատերազմի հավանականությունը, հետևաբար ձեռնտու է Հայաստանին։
Մյուս ուղղությունը աշխատանքն է Արևմուտքի և Ռուսաստանի հետ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանից նեոգաղութային կախվածությունից ազատվելու գործում մեզ անհրաժեշտ է Արևմուտքի աջակցությունը, և առանց դրա նման խնդիր լուծելը հնարավոր չէ։ Մյուս կողմից, ակնհայտ է նաև, որ Ռուսաստանն ամենայն հավանականությամբ, կշարունակի կարևոր դեր խաղալ տարածաշրջանում, և Ռուսաստանի հետ թշնամանալը չափազանց ծանր կարող է նստել մեր երկրի վրա։ Հետևաբար, այդ կախվածությունից ազատվելը չի նշանակում, որ Հայաստանը պետք է հայտնվի Ռուսաստանի թշնամու կարգավիճակում։ Իհարկե, ազատվել Ռուսաստանի նեոգաղութային կախվածությունից, և միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ պահել պրագմատիկ հարաբերություններ բավականին դժվար խնդիր է։ Բայց, կարծես, այդ նույն ճանապարհով են շարժվում Ռուսաստանի այսպես կոչված «դաշնակիցներից» շատերը, այդ թվում հենց նույն Ադրբեջանը կամ ԵՏՄ մեր գործընկերներ Ղազախստանը և Ղրղզստանը։ Այսօր, կարծես թե, հենց այդ ճանապարհով է գնում նաև Հայաստանը, և դա ոչ միայն և ոչ այնքան կառավարող ուժի ընտրությունն է, այլ օբյեկտիվ անհրաժեշտություն։
Վերջապես, երրորդ ուղղությունը, որը ամենաբարդն է՝ պայքարը Արցախի հայերի իրավունքների և անվտանգության համար։ Հակառակ հաճախ հնչող մեկնաբանություննրի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի նշանակում հրաժարվել Արցախի հայերի իրավունքների պաշտպանությունից։ Իրականում, դա ենթադրում է, որ պետք է վերաձևակերպել Արցախի խնդրի էությունը։ Սա պետք է լինի ոչ թե հայ և ադրբեջանական ազգային պրոյեկտների բախում՝ հանուն տարածքի, այլ այդ տարածքում ապրող մարդկանց անվտանգության, ազատության և բարեկեցության ապահովման հարց։ Ի վերջո, կարգավիճակի հարցը վաղ թե ուշ բարձրացվելու է, բայց այն պետք է բխի իրավունքների հարցից և ոչ հակառակը։ Միաժամանակ, պետք է իրատեսորեն մոտենալ իրավիճակին, և հասկանալ, որ Արցախի ցանկալի կարգավիճակին հասնելը կարող է լինել ոչ այսօրվա, և անգամ ոչ վաղվա խնդիրը, իսկ այսօր առաջնային հարց է հասնել Արցախում այնպիսի դե ֆակտո իրավիճակի, որը թույլ կտա պահպանել այն իբրև հայաբնակ ինքնակառավարվող տարածք։
Իհարկե, այս ամենն ավելի հեշտ է ասել, քան անել։ Բայց փորձել պետք է։ Եվ Հայաստանի ցանկացած ղեկավարություն, որը ղեկավարվում է Հայաստանի շահերով, դատապարտված է գնալ այս ճանապարհով։ Եվ դրա շուրջ, անկախ նրանից թե ինչ է ասվում, գոյություն ունի գիտակցում հասարակության մի զգալի մասի մոտ։ Հայաստանի հասարակության ծանրակշիռ մասը, կարծես թե, այլևս պատրաստ չէ խափվել հայրենասիրական կարգախոսներով, և սպասում է իրատեսական, պրագմատիկ լուծումների։ Ցավոք, այս հասունությունը Հայաստանի հանրությանը տրվել է շատ բարձր գնով։ Բայց ինքնին այդ հասունությունը որոշակի հույս է ներշնչում։
Напярэдадні Невядомага беларуская пісьменніца гуляецца з Мінулым
20 December 2023On the eve of the unknown the Belarusian writer is playing with the past
20 December 2023Im Angesicht der ungewissen Zukunft spielt eine belarussische Schriftstellerin mit der Vergangenheit
20 December 2023Накануне Неизвестного беларуская писательница играет с Прошлым
20 December 2023Ռուսաստանն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որպես իր աշխարհաքաղաքական շահերն առաջ մղելու սակարկության առարկա
12 December 2023Russia used the Karabakh conflict as a bargaining chip to advance its geopolitical interests
12 December 2023Wie Russland im Spiel um seine eigenen geopolitischen Interessen den Berg-Karabach-Konflikt als Trumpf nutzte
12 December 2023Как карабахский конфликт стал разменной монетой в российских геополитических играх
12 December 2023ამბავი ქართული პოსტკონსტრუქტივიზმისა
11 December 2023The history of Georgian post-constructivism
11 December 2023Die Geschichte des georgischen Postkonstruktivismus
11 December 2023История грузинского постконструктивизма
11 December 2023